11.11.2024
ԱՄՆ-ն ԼՂ խաղաղ կարգավորման կողմնակից է. ԱՄՆ կոնգրեսականներն ԱԺ-ում են
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ անդամակցությունն է ինձ բարոյական իրավունք տալիս համոզելու, որ գաք Հայաստան. Ղազարյան

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը վստահ է, որ Հայաստանը հրապուրիչ է ներդրումների տեսանկյունից: Ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում «ՀՀ-Սփյուռք տնտեսական համագործակցության խթանումը» քննարկման շրջանակում, նա նշեց, որ հենց ԵԱՏՄ-ին անդամակցությունն է, որ իրեն բարոյական իրավունք է տալիս համոզելու գալ Հայաստան:


«Ինչո՞ւ պետք է Հայաստանում ներդրումներ անել. առաջին հերթին շահութաբերության համար: Մեզ մոտ շահութաբերության տոկոսը բարձր է: Ո՛չ միայն նրա համար, որ մեզ մոտ աշխատուժը շատ թանկ չէ, էներգառեսուրսները տարածաշրջանում համեմատաբար էժան են, այլ նաև նրա համար, որ մենք անցումային տնտեսություն ենք: Բացի այդ, ի տարբերություն այլ երկրների՝ մեզ մոտ երկրի նախարարները, վարչապետը, նախագահը խոշոր ներդրումային ծրագրերի կողքին կանգնած են, ներդրումային ծրագրերին հարկային արտոնություններ են տալիս»,- հայտարարեց նա:


Արսեն Ղազարյանի խոսքով, ճիշտ է, ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն ու ՌԴ նկատմամբ միջազգային պատժամիջոցների խստացումը համընկան, բայց այսօր արդեն շուկան կարգավորվում է և ինքը վստահաբար կարող է հորդորել գալ Հայաստան ու այստեղ զբաղվել ձեռնարկատիրությամբ: Ըստ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ՝ մենք վաճառքի խնդիր չունենք, մեր խնդիրները միայն արտադրական ծավալների մեջ են և  եթե կարողանանք լուրջ գումարներ բերել հայկական վերամշակող արտադրություն, ապա կկարողանանք արտադրական ծավալները մեծացնել.


«Եկեք, փող դրեք և աշխատեք: Բազում արտոնություններ ունենք արտահանելու համար, բայց արտահանելու ապրանք չունենք: Հայաստանը մի դիտարկեք որպես շուկա, որտեղ պետք է գալ մեր օլիգարխների կողքին խցկվել, փորձել ապրանք ծախել: Ժամանակն է մեզ դիտարկել որպես լուրջ արդյունաբերական ծառայություններ մատուցող հարթակ տարածաշրջանի համար: Ժամանակն է համոզել մեր խոշոր ձեռնարկություններին, որ գան այստեղ: Եկեք, Հայաստանում արտադրեք և դուրս եկեք արտաքին շուկաներ՝ Ռուսաստան, Եվրոպա, Արևելք»,- ընդգծեց նա:

Նալբանդյան-Մամեդյարովի հանդիպումը` սեպտեմբերի 23-ին. aysor.am
Հաջորդ նորություն next