23.11.2024
Առանց առերեսվելու Ցեղասպանության հետ Թուրքիայում ժողովրդավարություն չի հաստատվի. Փայլան
prev Նախորդ նորություն

Վատիկանի գաղտնի արխիվի փաստաթղթերից մի հատված փոխանցվեց Հայոց ցեղասպանության թանգարանին

Վատիկանի գաղտնի արխիվներում պահպանվող փաստաթղթերից մի հատված այսօր փոխանցվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին. արժեքավոր փաստաթղթերը թանգարանի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին հանձնեց «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը: Այս մասին գրում է tert.am-ը:


Վերջինինս խոսքով՝ Վատիկանի արխիվներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բավականին մեծ թվով փաստաթղթեր կան, և այսօր մի մասը հանձնվում է Հայոց ցեղասպանության թանգարանին: Նա շեշտեց, որ այս պահին փաստաթղթերի մի մասն է թվայնացվել, իսկ մյուս մասի վրա մասնագետներն աշխատում են:


«Այս պահին փաստաթղթերի մի մասի վրա աշխատում են մասնագետները, և համապատասխան հետազոտություն անցնելուց հետո դրանք ևս կհանձնվեն թանգարանին: Ձեռք բերված փաստաթղթերը նոր են, դրանք թվայնացված են, սակայն դեռ ուսումնասիրված չեն: Գիտեք, փաստաթղթերը շատ են, ես հստակ քանակը չգիտեմ: Մասնագետները հիմա դրանց մի մասը հետազոտում են, առանց հետազոտման չեն կարող որևէ բան հանձնել Ցեղասպանության թանգարանին: Սրանք նոր փաստեր են, դեռ աշխատանք կա, դեռ պետք է թարգմանվեն»,- ընդգծեց Հակոբյանը:


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանն էլ, անդրադառնալով փաստաթղթերի բովանդակության ու արժեքավորությանը, նշեց, թե դեռևս հստակ գնահատական տալ չի կարող՝ փաստաթղթերը դեռ պետք է ուսումնասիրվեն:


Միևնույն ժամանակ նա նկատեց, որ փաստաթղթերն Օսմանյան կայսրությունում Վատիկանի ներկայացուցիչների բլանկներն են, ինչն արդեն իսկ հուշում է փաստաթղթերի կարևորության մասին:


«Խոսքն այդ տարիներին Օսմանյան կայսրությունում աշխատող դեսպանների մասին է: Փաստաթղթերը, ինչպես առաջին հայացքից հասկացա, դիվանագիտական գրագրումներ են, կան ինչպես ձեռագիր, այնպես էլ մեքենագիր գրագրումներ: Շատ արժեքավոր փաստաթղթեր են, որոնք իրենց տեղը կունենան մեր թանգարանում, ուսումնասիրություններում»,- ընդգծեց թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը: