Առանց առերեսվելու Ցեղասպանության հետ Թուրքիայում ժողովրդավարություն չի հաստատվի. Փայլան
Առանց առերեսվելու Ցեղասպանության հետ, ո՛չ Թուրքիայի քրդական հարցը կարող է լուծվել, ո՛չ էլ կարող է ժողովրդավարություն հաստատվել: Այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովի «ՀՀ դիվանագիտության ջանքերը ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ» քննարկմանը հայտարարեց Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը:
«Թուրքիայի Հանրապետությունը հիմնադրվեց առանց առերեսվելու Հայոց ցեղասպանությանը, իսկ այն հայերը, որոնք մնացին Թուրքիայում, լռության դատապարտվեցին, սակայն Հրանտ Դինքի առաջնորդությամբ սկսեցին խոսել անցյալի, պահանջների մասին: Թուրքահայերն ավելի շատ արտահայտվելու առիթ ունեցան»,-ասաց նա:
Փայլանի խոսքով, այսօրվա Թուրքիան վերադարձավ այն ժամանակաշրջան, երբ խորհրդարանում Ցեղասպանության բառի գործածությունը հանցանք է համարվում և ինչպես հարյուր տարի առաջ Արևմուտքը աչքերը կգոցեր Ցեղասպանության առաջ, այնպես էլ հիմա աչքերը կգոցի մարդու իրավունքների խախտումների առաջ: Իսկ այսօր առավել քան ակնհայտ է, որ Թուրքիայում ազգայնամոլությունն է հաստատվում. Թուրքան մութ շրջանում է նորից, որն ունակ է ոճիր գործելու, հիմա Թուրքիան ապրում է «մութ ձմեռ»: Նա մատնանշեց՝ մեկ դար առաջ մեծ ոճիր տեղի ունեցավ, իսկ յուրաքանչյուր ոճիր անպատիժ մնալով՝ նոր ոճիրների պատճառ կդառնա.
«Միայն ժողովրդավար Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավար Թուրքիան կբանա սահմանները Հայաստանի հետ: Ուղղակի իրավունք չունենք սերունդներին փոխանցել այս հարցը, քանի որ լավ գիտենք մեր պատմությունը՝ չորս սերունդ է պայքարում ենք, որպեսզի այն արդար լուծում ստանա: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ես շարունակելու եմ պայքարել դրա համար»,- հավելեց Փայլանը: