Մենք ճիշտ ուղու վրա ենք, որի մասին խոսում են ընթացիկ ցուցանիշները: Այս մասին Հայաստան-Սփյուռք համաժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով այդ ցուցանիշները:
Ըստ այդմ, վարչապետը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է հետևյալ թվերը. տնտեսական ակտիվության աճ՝ 6.2 տոկոս, արդյունաբերական արտադրանքի ոլորտի աճ՝ 12.7 տոկոս, պետական բյուջեի մուտքերի աճ՝ 6 տոկոս, իսկ ավելացված արժեքի հարկի վերադարձի պայմաններում՝ 9.3 տոկոսի աճ՝ միաժամանակ նվազեցնելով եռնարկությունների ստուգումների և ուսումնասիրությունների քանակը 47.8 տոկոսով, արտահանման աճ՝ 21.6 տոկոս, ներմուծման աճ 28.5 տոկոս, և որի կառուցվածքն է մեզ հուսադրում, մոտ 24.3 տոկոսով ավելացել է դեպի Հայաստան այցելությունների քանակը։
Անդրադառնալով արտաքին աշխարհի հետ փոխգործակցությանը, Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը հրապուրիչ է ոչ միայն իր շուկայով, այլև որպես հարմար հարթակ մեծ շուկաներ ներթափանցելու համար:
«ԵԱՏՄ՝ 180 միլիոնանոց շուկա, որին մուտք գործելու համար հայկական ձեռնարկություններն ունեն առավելություններ և արտոնություններ: Հարևան Իրան՝ 80 միլիոնանոց շուկա, սահմանին ազատ տնտեսական գոտի, իսկ ԵԱՏՄ մակարդակով վարվում են բանակցություններ՝ առևտրային հատուկ ռեժիմներ ունենալու վերաբերյալ: Եվրամիություն և ԱՄՆ- GSP+ համակարգ, որը հնարավորություն է տալիս հայկական ապրանքներն արտոնյալ ռեժիմներով հասցնել ԵՄ և ամերիկյան շուկաներ։ Ավելին ասեմ, Եվրամիության հետ այս նոյեմբերին ստորագրվող համաձայնագիրն առավել կխորացնի այդ համագործակցությունը։ Հարևան Վրաստան՝ ազատ առևտրի համաձայնագիր»,- թվարկել է նա:
Կարեն Կարապետյանի խոսքով, կառավարությունը գիտակցում է, որ մեկ տարվա աշխատանքի այս արդյունքները դեռ բավարար չեն Հայաստանի բնակիչների կյանքը որակապես փոխելու համար։ Սա նշանակում է, որ պետք է ակտիվ շարունակեն այն ամենը՝ միաժամանակ մշակելով և իրականացնելով նոր ծրագրեր։
«Վստահ եմ, որ նախանշված հաջողություններին ավելի շուտ կհասնենք հայության բոլոր հատվածների հետ համատեղ աշխատանքը ընդլայնելու և ավելի առարկայական և արդյունավետ դարձնելու միջոցով, քանի որ միասին այստեղ ունենք հսկայական առավելություն: Մասնավորապես, սփյուռքահայությունը շատ լավ հասկանում է, թե ինչպիսի միաջավայր է ակնկալում օտարերկրյա ներդրողը, և կարող է մեզ ուղղորդել։ Այդ խնդրի լավագույն լուծումը բազմաֆորմատ համագործակցության խորացումն է: Խիստ կարևոր է նաև ընդհանուր և առարկայական, կոնկրետ ծրագրերի քննարկումը: Դրա համար, հաջորդ տարի աշնանը մենք նախատեսում ենք կազմակերպել մեծ տնտեսական և ներդրումային ֆորում Հայաստանում, որի հարթակներում կխոսենք Հայաստանի վաղվա օրվա մասին, Հայաստանի տեսլականի մասին, կներկայացնենք արդեն իսկ հաջողած և ընթացքի մեջ գտնվող նախագծերը, ինչպես նաև ամբողջովին նոր բիզնես նախագծեր՝ թե մասնավոր և թե հանրային-մասնավոր ձևաչափով: Տրամադրված ենք այդ ֆորումը դարձնել ամենամյա»,- ասել է նա:
Ըստ վարչապետ Կարապետյանի՝ Հայաստանը եւ Սփյուռքը մեկ ամբողջի երկու մասն են՝ միմյանց հետ կապված պատմության մեկ շղթայով, մեկ ճակատագրով:
«Մենք պատասխանատվություն ունենք մեկս մյուսի նկատմամբ: Մենք այլ տարբերակ չունենք, քան լավ երկիր կառուցելը եւ հզոր ու բարեկեցիկ Հայրենիք ունենալը: Սա մեզ թույլ է տալու ամուր դիրք ունենալ և մեր երկրի շահերը թելադրել և հաջողությամբ առաջ տանել ապագայի աշխարհում: Եվ ևս մի միտք եմ ուզում հնչեցնել և ուզում եմ ճիշտ հասկացված լինել. ցանկացած հայանպաստ, հայապահպան գործի նյարդերն ու թելերը, անկախ նրանից, թե որտեղ է այդ գործը սկսվել և ով է այն նախաձեռնել, անպայման պետք է կապված լինեն Հայաստանի հետ՝ այն հնարավոր ձգողական ուժի հետ, որի մասին քիչ առաջ խոսում էի: Առանց այս կապի դժվար է իրականացնել համակարգված հայանպաստ գործունեություն»,- հավելել է նա: