Իմ քննադատները տեղյա՞կ են, որ Գոլանի բարձունքներ այցելելը Սիրիայի օրենքի խախտում է. Լապշին
Օրերս Ադրբեջանից Իսրայել վերադարձած բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն ամիսներ շարունակ անցկացրել էր ադրբեջանական բանտում՝ Արցախ այցելության համար, հերթական գրառումն է արել՝ այս անգամ անդրադառնալով վերջին օրերին մի խումբ իսրայելցի հասարակական գործիչների ու որոշ դիվանագետների կողմից իր հասցեին հնչած քննադատությանը, համաձայն որի՝ «մի բլոգերի պատճառով չի կարելի հարցականի տակ դնել Ադրբեջանի հետ ունեցած հրաշալի հարաբերությունները»։
«Այցելելով Ղարաբաղ՝ խախտել ես Ադրբեջանի օրենքները, ուրեմն նստիր ադրբեջանական բանտում. նման կարծիք է հայտնել, օրինակ, իմ կողմից հարգված Մինսկում Իսրայելի նախկին դեսպան Յոսեֆ Շագալն իր հոդվածում։ Ընդգծեմ, որ Շագալն անձամբ քիչ բան չի արել իմ ազատ արձակման համար, ինչի համար նրան շնորհակալություն։ Սակայն Իսրայելը, ինքը լինելով «օկուպացնող» պետություն, դժվար կարողանա իրեն թույլ տալ նմանատիպ երկակի բարոյականություն։
Տեղյա՞կ են, արդյոք, ինձ քննադատողները, որ Սիրիայից 1967-ին զավթած Գոլանի բարձունքներ այցելելը Սիրիայի օկուպացված տարածքների մասին օրենքի խախտում է։ Սիրիացիներն ունեն օրինական իրավունք ու ռեսուրս Ինտերպոլի միջոցով հետախուզում հայտարարելու ցանկացած մեկին, ով այցելել է Գոլանի բարձունքներ, ներառյալ՝ նախկին դեսպաններին։ Նամանավանդ, որ Ադրբեջանը ցույց տվեց, որ ոչ մի վատ բան չի լինի՝ լրագրողները կաղմկեն ու կմոռանան»,- գրել է բլոգերն իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին Լապշինը լքել է Ադրբեջանի տարածքն ու մեկնել Իսրայել: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»:
Դատախազը խնդրել էր Լապշինի նկատմամբ սահմանել պատիժ՝ 6,5 տարվա ազատազրկման տեսքով:
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին: