26.11.2024
Թուրքիան շարունակելու է ավելացնել ներդրումներն Ադրբեջանում
prev Նախորդ նորություն

Հայաստանն ու Եվրամիությունը ունեն լուրջ ընդհանուր շահեր. Բրյուսել

Հայաստանի հետ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ, Հայաստանն ու Եվրամիությունը ունեն լուրջ ընդհանուր շահեր, ասել է Եվրոպական Հանձնաժողովի՝ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով խոսնակ Մայա Կոսիանչիչը Բրյուսելից «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում:


«Մենք հավատարիմ ենք ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, օրենքի գերիշխանությանը: Այս արժեքները գտնվում են նոր համաձայնագրի եւ մեր համագործակցության հիմքում», ասել է Կոսիանչիչը:


Եվրամիության եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների ամբողջ փաթեթը տեղ է գտել Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրում, որը կողմերը կարող են ստորագրել արդեն մոտ ապագայում: Եվրամիության ներկայացուցչի խոսքով, մասնավորապես, նոր համաձայնագիրը Հայաստանի հետ սերտ համագործակցության հիմք ստեղծում մի շարք ոլորտներում, այդ թվում էներգետիկ, տրանսպորտի, շրջակա միջավայրի, առեւտրի եւ ներդրումների ընդլայնման հեռանկարներ: Համաձայնագիրը կբացի նաեւ համագործակցության նոր դռներ հայ արտադրողների համար.


«Ինչպես գիտեք, Եվրամիությունն արդեն իսկ Հայաստանի առեւտրային հիմնական գործընկերն է՝ Հայաստանի առեւտրաշրջանառության 26 տոկոսը ԵՄ-ի հետ է: Հավատացած ենք, որ առեւտրի ոլորտում այս համագործակցությունը նույնպես կընդլայնվի։ Հայ արտադրողները նոր արտոնություններ կստանան Հայաստանում արտադրված ապրանքները Եվրամիություն ներկրելու համար»:


Համաձայնագիրը նաեւ նոր խթան կհանդիսանա Երեւանի եւ Բրյուսելի քաղաքական հարաբերությունների զարգացում համար: ՀԻշեցնենք, որ 2013-ին տապալվեց Հայաստան-Եվրամիություն Ասոցացման հիմնական համաձայնագրի ստորագրումը:


Այս անգամ սակայն համաձայնագիրը կարծես թե կստորագրվի, նշում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը


Ամեն դեպքում, Եվրամիության ներկայացուցչի խոսքով, Բրյուսելը Հայաստանից չի պահանջում կողմերի միջեւ ընտրություն կատարել. «Մենք չենք պահանջում մեր գործընկերներից ընտրություն կատարել Եվրամիության եւ այլ գործընկերոջ միջեւ: Մենք իրոք հետաքրքրված ենք Հայաստանի պետականության ամրության եւ կայունության մեջ»:


Մայա Կոսիանչիչի խոսքով, ԵՄ-ն առաջին հերթին հետաքրքրված է Հայաստանում ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի վերացման եւ օրենքի գերիշխանության հաստատման մեջ: Այս նպատակներով 2014-ից 2016 թվականներին միայն Հայաստանին Եվրամիությունից հատկացվել է շուրջ 150 միլիոն եվրոյի դրամաշնորհներ: