23.11.2024
Կարեն Կարապետյանի կառավարությունն ամփոփել է մեկ տարվա գործունեությունը
prev Նախորդ նորություն

Մամուլ. դեֆոլտի ուրվականը ՀՀ-ում. ծախսերի 7 տոկոսով կրճատում՝ ներքին կարգով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանին չեն գրանցել համայնքապետի թեկնածու: «Ժամանակի»-ի տեղեկություններով՝ Խաչատրյանը ցանկացել է առաջադրվել Ապարանի խոշորացված համայնքների միավորման ղեկավարի պաշտոնում, սակայն նրան չեն գրանցել՝ մերժումը պատճառաբանելով, որ նա այդ համայնքում 6 ամսվա գրանցում չունի: Լյովա Խաչատրյանը միայն այս տարվա մայիսին է դուրս գրվել երևանյան հաշվառումից և գրանցվել հարազատ Երնջատափ գյուղում, թեև տարիներ շարունակ փաստացի բնակվում է գյուղում: Հիշեցնենք՝ ամիսներ առաջ մենք տեղեկացրել էինք, որ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը Ապարանում պայքարում էր Լյովա Խաչատրյանի դեմ, նրան սատարողներին սպառնում քրեական գործերով։ Ըստ լուրերի՝ Աղվան Հովսեփյանն ու Լյովա Խաչատրյանը չմարված գումարային խնդիր ունեն։ Խաչատրյանը տարիներ առաջ Աղվան Հովսեփյանից մեծ գումար է պարտքով վերցրել ու մինչ օրս չի վերադարձրել»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի սկանդալային գրառումները ի հայտ են գալիս ամեն անգամ, երբ ֆեյսբուքյան հանրությունը դաժան քննադատության է ենթարկում իշխանության մի որևէ գործողություն: Լեզվի մասին Բագրատյանի գրառումը Խոսրովի անտառի հրդեհի օրերին էր: Իսկ թե ինչ թափով էր ֆեյսբուքյան հանրությունը քննադատում իշխանությանը հրդեհը մարելուն անպատրաստ լինելու համար, ավելորդ է հիշեցնել:


Այս օրերին մեծ աղմուկ է բարձրացրել Թումանյանի տուն-թանգարանում ստալինյան ռեպրեսիաների մասին հայտնի ցուցահանդեսի արգելումը: Ֆեյսբուքում կրկին քննադատությամ մեծ ալիք էր, հիմնական գնահատականն էլ՝ այն, որ Հայաստանի գործող իշխանությունը բոլշևիկների արժանի ժառանգն է, եթե 37 թվականի մեթոդներով այդ նույն մեթոդները մերկացնող ցուցահանդես է փակում: Բանն այն է, որ Թումանյանի տուն- թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը պատմում է, որ իրեն զանգահարել է ԱԱԾ ոմն գնդապետ կամ փոխգնդապետ, սպառնացել է, շանտաժ արել, որից հետո նաև մշակույթի նախարարությունն է հրահանգել ցուցահանդեսը փակել: Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու է փակվել ցուցահանդեսը:


Մշակույթի փոխնախարարը երեկ ասաց, որ այն քաղաքական էր, դրա համար է փակվել: Այսօր ԱԺ ամբիոնից Արդարադատւթյան նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ խնդիրը վարչարարական հարաբերությունների մեջ է եղել, հնարավոր է՝ ՊՈԱԿ-ը չի պահպանել վերադասի սահմանած կարգը: Ընդ որում, Դավիթ Հարությունյանն այնպիսի դրամատիզմով էր խոսում 37 թվի և ռեպրեսիաների մասին, որ փշաքաղվում էիր: Սակայն իրեն հարց ուղղած պատգամավոր Արարատ Միրզոյանի կոնկրետ առաջարկին՝ շատ արագ ցուցահանդեսը վերաբացել և կառավարության շենքում տեղ հատկացնել դրա համար, այդպես էլ չանդրադարձավ: Ֆեյսբուքյան հանրության ուշադրությունից, սակայն, այս զարգացումներն արդեն վրիպեցին: Ուշադրության կենտրոնում այժմ Բագրատյանը, Շարմազանովն ու սպորտի փոխնախարարն են:


Հրանտ Բագրատյանը խոստացել է հայ կնոջ և ընտանիքի դերին նույնպես անդրադառնալ ֆեյսբուքյան գրառման միջոցով: Չենք կասկածում, որ գրառումը նույնքան սկանդալային կլինի: Եվ այնուամենայնիվ արժե, որ նախկին վարչապետը հատուկ ընտրի գրառման ժամանակահատվածը: Շատ են լինում օրեր, երբ ֆեյսբուքյան հանրությունը ահռելի ձանձրույթ է ապրում, իսկ հասարակական-քաղաքական կյանքում ոչ մի հիշարժան իրադարձություն չի կատարվում: Կարճ ասած՝ գաղջ օրեր: Այսպիսի օրերին իր ֆունդամենտալ գրառումներով հանդես գալով՝ Հրանտ Բագրատյանը էապես կբարձրացնի դրանց էֆեկտիվությունը՝ ոչ այդ գրառումները կխանգարեն այլ թեմաներին, ոչ էլ այլ թեմաները կխանգարեն իր բարձրացրած հարցերի ամենայն խորքային և լայնածավալ ուսումնասիրմանը»:


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ կառավարությունում տեղի է ունեցել 2018թ. բյուջեի նախագծի քննարկումը: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է, որ մինչև հիմա պետական պարտքի սպասարկման համար հատկացվել է մոտ 140 մլրդ դրամ, իսկ արդեն 2019թ. համար նախատեսվում է 250 մլրդ դրամ, ինչն ահռելի բեռ է բյուջեի վրա: Մեր տեղեկություններով՝ բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարվել է ներքին կարգով մոտ 7 տոկոսով կրճատել ծախսերը, անգամ աշխատողներին՝ սկսած դպրոցների պահակներից, որ եղած միջոցները բավարարեն: Ընդ որում՝ այդ նիստի ժամանակ մտահոգություն է բարձրացվել, որ արդեն հաջորդ տարի, հնարավոր է, մեր երկիրը չկարողանա սպասարկել արտաքին պարտքն ու կանգնի դեֆոլտի առաջ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում են գտնվում: Նրանց մի մասը, օրինակ՝ Ժիրայր Սէֆիլյանը և այլք գտնվում են «Արմավիր» ՔԿՀ-ում, իսկ մի մասը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Մամուլը այս ընթացքում գրել է, որ խմբի անդամներից շատերը ՔԿՀ-ների խցերում միայնակ են, և նրանց խցերի մոտ խիստ հսկողություն է:


«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկների պետերը բարձրաձայնել են խնդիրը, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները հատուկ հսկողության առանձին խցերում են, ու իրենք ուրիշներին տեղավորելու խնդիր ունեն: Անհրաժեշտ է, որ բոլորը լինեն մեկ վայրում, որպեսզի և՛ վերահսկելի լինեն, և՛ խցեր ազատվեն: Չի բացառվում՝ առաջիկայում նրանց սկսեն կամաց-կամաց հավաքել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ ԱԱԾ «պադվալում»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկությունը փորձեց պարզել ՔԿ վարչության հանրային կապերի բաժնից, որտեղից հայտնեցին, թե տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում պատգամավորներ կան, որոնց մեկ սենյակը չի բավարարում, երկուսն է պետք, մեկը՝ իրենց համար, մյուսը՝ օգնականի: Բայց պատգամավոր էլ կա, որ երեքսենյականոց «բնակարան» է «կառուցել»․ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանն ԱԺ նոր մասնաշենքի 4-րդ հարկում 3 սենյակ է զբաղեցրել՝ գրավելով հարևան 2 աշխատասենյակները։ Դրանք միացրել է իրար, և մինչև հիմա այնտեղ նորոգում է ընթանում, դեռ ցուցանակ էլ չկա: «Բանանի արքան», փաստորեն, որոշել է արքայական պայմաններում վայելել պատգամավորական կյանքի հաճույքները: Նա թերեւս «3» թվի հանդեպ թուլություն ունի՝ միշտ 3 թիկնապահ-օգնականով է շրջում, 2 կամ 3 մեքենայով, մեքենաների համարներն էլ «3»-ներով են: Միայն ուղեկցող կարմիր Porsche Cayenne-ն է «խառը համարներով»: