23.11.2024
Չեխիան Հայաստանի համար կարևոր գործընկեր պետություն է. Սերժ Սարգսյան
prev Նախորդ նորություն

Դարձյա՞լ ԵԱՏՄ-ն է մեղավոր. ինչո՞ւ վարչապետը չի մեկնում կամ չի հրավիրվում արևմտյան երկրներ

Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ-պետություն, երբևիցէ այլ շուկաների նկատմամբ թեր ուշադրություն չի ցուցաբերել: Այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը վարչապետից, մասնավորապես, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում վարչապետը արևմտյան երկրներ չի մեկնում՝ չե՞ն հրավիրում, թե հրավիրում են, բայց վարչապետը նպատակահարմար չի գտնում մեկնել: Ընդ որում, Մարուքյանը հարցը հնչեցնելուց վստահություն հայտնեց, որ արևմտյան երկրներից հրավեր ստացվում է, բայց Կարեն Կարապետյանը, չգիտես ինչու, չի մեկնում.

«Երկու տարբերակն էլ՝ չեն հրավիրում կամ հրավիրում են, բայց չեք մեկնում, մեր երկրի համար շատ վատ է»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Կարեն Կարապետյանի խոսքով՝ այցերը ինքնանպատակ չեն և եթե ՀՀ կառավարության պատվիրակությունը չի այցելում արևմտյան երկրներ, ապա դա դեռ չի նշանակում, թե Հայաստանը արևմտյան երկրների և դրանց ներդրողների հետ օրակարգ չունի կամ չի քննարկում նմանատիպ թեմաներ: Նա հավաստիացրեց, որ մոտակա ժամանակներս նախատեսվում են նման այցեր, բայց դրանք կլինեն միայն այն ժամանակ, երբ կառավարությունը կունենա հստակ օրակարգ և առարկայական խոսալու թեմա: Ի վերջո, այդ այցերը պետք է տուրիզմի չվերածվեն:

Վարչապետը շարունակեց թեման՝ ավելի գլոբալ մոտենալով հարցին, քանի որ առավել քան ակնհայտ էր Էդմոն Մարուքյանի հարցի ենթատեքստը.

«Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ-պետություն, երբևիցէ այլ շուկաների նկատմամբ թեր ուշադրություն չի ցուցաբերել: Առաջիկայում մենք կներկայացնենք հաշվետվություն-հետազոտություն շուկաների վերաբերյալ. պայմանական 21,6 տոկոս արտահանման աճ ունենալով, մեր եվրոպական երկրների աճի տեմպը գերազանցում է ԵԱՏՄ երկրների աճը: Լինելով ԵԱՏՄ անդամ մենք նաև առնչվում ենք սպեցիֆիկ շուկաների հետ՝ Թուրքմենստան, Ուզբեկստան, Իրան և այլն: Այդ իսկ պատճառով պատասխանը հետևյալն է՝ երբ օրակարգ ունենանք, կունենանք նաև այցեր»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը:

Պատգամավորի խոսքով՝ իրենք էլ են դեմ ու քննադատում են կառավարության ուռճացված ծախսերն ու կառավարության անդամների տուրիզմին դեմ են, բայց մյուս կողմից իրեն զարմացնում է մեկ տարվա ընթացքում այդ օրակարգի չլինելը: Եվ, շեշտեց Մարուքյանը, վարչապետի պատասխանից էլ հասկանում է, որ այս պահին էլ նման օրակարգ չկա՝ արևմտյան երկրներից ներդրումներ բերելու հետ կապված:

Վարչապետը պնդեց՝ հայկական կողմն ունի օրակարգ արևմտյան գործընկերների հետ՝ և՛ ԱՄՆ, և՛ եվրոպական երկրների և, հավաստիացրեց, նման շփումները շատ հաճախակի են ու պոտենցիալ ծրագրերն էլ շատ ավելի շատ են:

«Բոլոր նման պետությունների հետ մենք ունենք շատ ինտենսիվ հարաբերություններ, անպայման պետք է այցե՞ր լինեն, դա՞ է ցուցանիշը: Ես այդպես չեմ կարծում: Ի վերջո, օրակարգ ունեմ՝ գնում եմ, և հենց Ամստերդամու այցի օրակարգ ունենամ կգնամ նաև Ամստերդամ»,- կատակելով եզրափակեց վարչապետ Կարապետյանը: