VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք շարունակում են բանակից բենզին հափշտակել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները նման դեպք են բացահայտել` կապված ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանի հետ: Ըստ այդմ, ավտոծառայության պետ Արթուր Շամիրյանին վստահվել է զորամասին պատկանող 3210լ ավտոբենզին և 1868լ դիզելային վառելիքը: Բայց նա օգտվելով իր պաշտոնեական դիրքից՝ յուրացրել է այն` զորամասին պատճառելով 1 միլիոն 480 հազար 740 դրամի վնաս: Ավելին՝ իրավապահները պարզել են, որ ՊՆ պաշտոնյան թաքցնելով իր այդ գործողությունները՝ 2017 թվականի մարտ և ապրիլ ամիսների տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել: Եվ ահա այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել յուրացման և պաշտոնական փաստաթղթեր կեղծելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի պետական համալսարանում հնարավոր են դասախոսների, ինչպես նաև վարչական և ուսումնաօժանդակ աշխատակիցների կրճատումներ: Բուհի լրատվական ծառայությունից հաստատում են այս տեղեկությունը, բայց և նշում, որ վերջնական պատկերը պարզ կլինի մոտավորապես տասը օր հետո, ու հնարավոր կլինի գնահատել, թե որքանով հաջողվեց խուսափել կտրուկ քայլերից, ինչին ձգտում են: ԵՊՀ լրատվական ծառայության ղեկավար Կարեն Գրիգորյանը նշեց, որ այժմ ընթացքի մեջ է դասախոսների ժամաքանակի վերահաշվարկի գործընթացը: Նպատակ է հետապնդվում դասաժամերի վերաբաշխման և ծանրաբեռնվածությունը կիսելու ճանապարհով հնարավորինս զերծ մնալ դասախոսներ կրճատելուց: «Երևանի պետական համալսարանն ունի 105 ամբիոն: Բացի մի քանի ֆակուլտետներից, որտեղ ընդունվածների թիվը փոքր չէ (օրինակ` իրավագիտության, միջազգային հարաբերություններ, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետներ), մնացած ամբիոններում ժամաքանակի որոշակի խմբագրումներ արվում են: Արդյունքների մասին հնարավոր կլինի խոսել մոտ 10 օրից: Բայց այն, որ պետք է կրճատումներ լինեն, ակնհայտ է»,- ասաց Կարեն Գրիգորյանը: Ստեղծված իրավիճակն, ըստ նրա, պայմանավորված է ուսանողների թվի նվազմամբ: Այս տարի Երևանի պետական համալսարանի առկա ուսուցման համակարգ է ընդունվել 2 602 դիմորդ: 2016-ին այդ թիվը եղել է 2 988, 2015-ին՝ 3 060, 2014-ին՝ 3 224 և այլն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Նախօրեին մի շարք տեսչության պետերի փոխատեղումներ են եղել, որոնք վերաբերում են նախկին կամ ներկա պաշտոնյաների հարազատներին։ Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը՝ Վարդան Մամիկոնյանին, Աշտարակի հարկային տեսչության պետի պաշտոնից տեղափոխել են Աբովյանի տեսչության պետ։ «Զորավար» մականունով հայտնի Մամիկոնյանը տարիներ ի վեր եղել է Արտաշատի հարկային տեսչության պետը, սակայն Վարդան Հարությունյանը նրան կտրել էր «ակունքներից» և տեղափոխել Աշտարակ, որտեղ նրան թողեց 1 տարի։
Մեկ այլ ուշագրավ փոփոխություն․ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարգիսյանի եղբորորդուն՝ Ռուբեն Սարգիսյանին, Վարդան Հարությունյանն արդեն 4-րդ անգամ տեղափոխում է մի տեսչությունից մյուսը։ Սկզբում նշանակել էր Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ, այնուհետև՝ Եղեգնաձորի պետի տեղակալ, ապա՝ Վանաձորի ՏՀՏ պետ, այժմ էլ դարձրել է Արաբկիրի հարկայինի պետ։ Եթե Արգամիչի փեսայի դեպքում առաջընթաց չկա, ապա Քոչարյանի թիկնազորի պետի ազգականը կարիերայի սրընթաց աճ է արձանագրում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում տեղեկացրել է, որ բանկերի հետ կապված ֆինանսական վեճերը հնարավոր է՝ լուծվեն ոչ թե դատարանի, այլ նոտարիատի միջոցով: «Եթե նայում ենք վիճակագրությունը, քաղաքացիական գործերի 70 տոկոսը բանկային հարցերին են վերաբերում: Այսօր կա «Նոտարիատի մասին» օրենք: Մենք ասում ենք՝ բանկ-քաղաքացի, երբ դուք պայմանավորվում եք ապառիկի վաճառքի շուրջ և այլն, եկեք, պայմանագրեր կազմակերպենք, էլեկտրոնային եղանակով կնքվեն դրանք, զուգահեռաբար թույլ տանք, որ պայմանագրերը մինիմալ գներով վավերացվեն նոտարի կողմից: Հետագայում, եթե քաղաքացին իր պարտավորությունը չկատարի, արդեն բանկը միանգամից նոտարի կատարողական մակագրություն վերցնի և գնա ԴԱՀԿ»,- ասել է նա: Հավելենք, որ բանկերն էլ իրենց հերթին են դժգոհում, թե դատավորներից են կախված»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հարցով կարևոր իրադարձություն է տեղի ունենալու, բաց թե ինչ, շատ դժվար է կանխատեսել: Փաստ է, որ Հայաստանի շուրջ լուրջ պրոցեսներ են խմորվում, որոնք տարբեր դերակատարներ ունեն՝ ի դեմս ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի: Սրանցից յուրաքանչյուրն այդ պրոցեսներում սեփական շահն ունի, իսկ Հայաստանի համար դրանց առանցքը, բնականաբար, ղարաբաղյան հակամարտությունն է:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն ուժի մեջ է: Արբեջանի ԱԳ նախարարն ասաց, որ հանդիպումը համաձայնեցված է և նշեց, որ դրա ընթացքում քննարկվելու են գրավյալ տարածքներից հայկական զորքերի դուրսբերման հարցը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասաց, որ հանդիպումը հավանաբար կկայանա սեպտեմբերի 20-ից հետո: Սա մյուս կողմից նշանակում է, որ հանդիպումը կարող է նաև չկայանալ, բայց այժմ դա չէ կարևորը: Երկու ԱԳ նախարարների հանդիպումներ միշտ էլ եղել են և կլինեն, կարևորն այն է, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում դրանից առաջ, առավել ևս, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները ամեն ինչ անում են, որ նախարարների հանդիպմանը հաջորդի նաև նախագահների մակարդակով հանդիպում:
Եթե փորձենք ի մի բերել իրավիճակը, հետևյալ պատկերը կուրվագծվի.
Հայաստանում և Արցախում պետական տարբեր մակարդակներով ղարաբաղյան հարցով փակ և բաց քննարկուներ են տեղի ունենում:
Վերլուծաբանների և քաղաքագետների գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի 4-օրյա այցը Արցախ պատահական չէր, հատկապես որ Արցախի Անկախության հռչակագրի օրվան նվիրված միջոցառումներին Սարգսյանը նախկինում էլ է մասնակցել, սակայն դրա համար 4 օր չի հատկացրել: Բնականաբար, Սարգսյանի այցի ընթացքում Արցախի ղեկավարության հետ քննարկվել են առաջիկայում սպասվող հանդիպումները և բոոր այն հնարավոր զարգացումները, որ կարող են ուղեկից լինել դրանց, այդ թվում՝ ռազմական: Բացի սա, Հայաստանի խորհրդարանում վերջին շաբաթվա ընթացքում բաց և փակ քննարկումներ եղան, իսկ ՀՅԴ-ն նախօրեին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունները և մեր անելիքները» խորագրով համաժողով կազմակերպեց: Այսօր էլ Ստեփանակերտում Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատրյանին: Դաշնակցությունը կարևոր պահերին միշտ կոնկրետ դերակատարություն է ստանձնում՝ քարոզչական դաշտում համապատասխան ֆոն ապահովելու կամ այլ նպատակներով:
Որոշակի գործընթացներ են տեղի ունենում ՀԱՊԿ-ի շրջանակներում, հայ-ռուսական ռազմական համագործակցության ոլորտում, և հակառակը՝ Հայաստանը երես է թեքում ՆԱՏՕ-ից:
Ապրիլյան պատերազից հետո Հայաստանից իշխանության մակարդակով լուրջ դժգոհություններ էին հնչում թե՛ ՀԱՊԿ-ի և դրա առանձին անդամ երկրների, և թե՛ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ուղղությամբ: Փոխարենը Սերժ Սարգսյանի՝ այս տարվա մարտին Բրյուսել կատարած այցով էականորեն ջերմացան Հայաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Այդ ժամանակ Երևանում տարբեր ՀՀԿ-ականներ ասուլիսներում և հարցազրույցներում հայտարարում էին, որ ՀՀ-ն անկախ և ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում այս կառույցների հետ ինչ հարաբերություններ հաստատի: Մի քանի օր առաջ Վրաստանում հայտնի զորավարժություններին Հայաստանի չմասնակցության աղմուկը մեկնաբանելով՝ այդ նույն ՀՀԿ-ականները մեծապես կարևորում էին ՀԱՊԿ-ի դերը Հայաստանի անվտանգության հարցում, իսկ ՆԱՏՕ-ի նկատմամբ մարտյան ջերմությունից հետք անգամ չէր մնացել:
Հայ-ադրբեջանական շփման գծում վտանգավոր «խաղաղություն» է տիրում:
Արդեն ավելի քան երկու ամիս է՝ ադրբեջանական կողմը ձեռնպահ է մնում սահմանին լուրջ միջադեպեր հրահրելուց: Զինադադարի վերջին խոշոր խախտումը հուլիսի սկզբին էր Արցախի հարավարևմտյան ուղղությամբ, որը միջազգային մեծ արձագանք ունեցավ, դատապարտող հայտարարություններ հնչեցին ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՄԽ համանախագահ պետությունների կողմից: Ադրբեջանի օրակարգում որևէ փոփոխություն չի եղել, ուստի այսքան երկար թայմ աուտ վերցնելու համար Իլհամ Ալիևը պետք է լուրջ պատճառ ունենար: Ավելի հավանական է, որ սպասողական այս վիճակը պայմանավորված է հենց ղարաբաղյան հարցով ակնկալվող զարգացումից, որին այդպես պատրաստվում են նաև Հայաստանում և Արցախում»:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, ԱԺ պատգամավոր Ալիկ Սարգսյանը նոյեմբերի 5-ին Արտաշատում սպասվող քաղաքապետի ընտրություններից առաջ կրկին գործուղվելու է մարզ՝ զբաղվելու ՀՀԿ-ի քարոզչությամբ և մարզում ՀՀԿ-ի դիրքերի ամրապնդմամբ: «Վաղվանից լինելու եմ Արտաշատում: Վերանայելու խնդիրներ ունենք կուսակցության աշխատանքների հետ կապված»,- երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Ալիկ Սարգսյանը: Նա վստահեցրեց, որ թեկնածուի ընտրության հարցում կուսակցությունում դեռևս ոչ մի քննարկում չի ընթացել: Անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հետ հարաբերություններին՝ Սարգսյանը նշեց, որ հարաբերությունները ոչ թե լարված են, այլ սառը»: