Բաքուն Ալիևին մերկացնող միջազգային հետաքննության թիկունքում տեսնում է հայերին ու Սորոսին
Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել՝ պատասխանելով արեւմտյան լրատվամիջոցներում, ներառյալ BBC News-ում եւ Guardian-ում հրապարակված հոդվածներին, ըստ որոնց Ադրբեջանի իշխանությունները Մեծ Բրիտանիայում կեղծ ընկերություններ են օգտագործել 3 միլիարդ դոլար լվանալու համար:
Հայտարարությամբ հերքվում է Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների առնչությունը հրապարակված փաստերին: «Նախագահին եւ նրա ընտանիքն այս հարցերին կապելու փորձերն անհիմն են եւ պրովոկացիոն բնույթի: Մենք գիտենք, որ այդ ամենի հետեւում ստախոս Ջորջ Սորոսն է, որն ամբողջ աշխարհում խարդախի համբավ ունի: Նրա կեղտոտ գործերը պետք է լրջորեն հետաքննվեն:
Սորոսի հետ գործակցող հայկական լոբբին Ադրբեջանի նախագահի եւ նրա ընտանիքի անդամների դեմ կեղտոտ արշավ է իրականացնում: Սակայն այդ փորձերն արդյունք չեն տա: Այն փաստը, որ Guardian-ում հրապարակված հոդվածի հեղինակներից մեկը հայ է՝ Դիանա Նահապետյանը, խոսում է այն մասին, որ այդ կեղտոտ մեղադրանքների հետեւում կանգնած է հայկական լոբբին»,- նշված է հայտարարության մեջ:
Նախօրեին արեւմտյան առաջատար պարբերականները սկսել են հոդվածներ հրապարակել Ադրբեջանում իշխող վարչակազմի կասկածելի գործարքների եւ ծախսերի մասին:
Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ նշանավոր եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու եւ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար, գրում է The Guardian-ը:
Ադրբեջանում հուլիսի 22-ն Ազգային մամուլի օրն է եւ այդ առիթով երկրի նախագահ Իլհամ Ալիեւը լրագրողներին 255 բնակարան է նվիրել: Չորս տարի առաջ էլ նա մասնակցել էր լրագրողների համար նախատեսված բազմաբնակարան շենքի բացման հանդիսավոր արարողությանը եւ 155 բնակարան նվիրել: Երկու անգամ էլ Ալիեւը գործածել է նույն ձեւակերպումները՝ խոսել է երկրում առկա «խոսքի ազատությունն Ադրբեջանում ապահովված է»,- գրում է The Washington Post-ը: