24.11.2024
Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 16.5%-ով
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սամվել Կարապետյանը հրաժարվել է ՀՀ-ում ներդրումների ծրագրից. ինչո՞ւմն է պատճառը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը չի բացառում, որ 2020 թվականին կմասնակցի նախագահական ընտրություններին: Օրերս նա մեզ հետ զրույցում դա չէր հերքել՝ նշելով. «Կյանքը շատ բարդ է: Իմ միսիան կատարել եմ Արցախում, եւ եթե լինի անհրաժեշտություն ու ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծվի, որոշում կկայացնեմ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս լարվել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ռուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները: Ու հիմա, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Սամվել Կարապետյանը հրաժարվել է Հայաստանում մեծ ներդրումներ անելու ծրագրերից: Մինչդեռ երբ ժամանակին Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ, Ս. Կարապետյանը հայտարարել էր ներդրումների, այդպես նաեւ կառավարությանը նպաստելու իր մտադրությունների մասին: Պատահական չէ նաեւ այն հանգամանքը, որ այս տարվա առաջին կիսամյակում ՌԴ-ից ներդրումները ոչ միայն չեն ավելացել, այլեւ ընդհակառակը՝ կապիտալի արտահոսք է եղել` 12.2 մլրդ դրամի չափով, ընդ որում, արտահոսքը եղել է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտից, որը կենտրոնացած է «Տաշիր գրուպ» ընկերության ձեռքում»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում ստուգումները շարունակվում են: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Արմավիրի ՔԿՀ են գնացել ՀՀ ԱՆ ՔԿՎ անվտանգության ապահովման բաժնի պետ Վարուժան Եղիազարյանը և ՔԿՎ ծառայությունում սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի պետ Ռոման Ալավերդյանը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ վարչության պաշտոնատար անձինք ստուգումներ են իրականացրել՝ հասկանալու համար, թե ինչու են որոշ դատապարտյալներ խցում մենակ մնում, մինչդեռ խուցը նախատեսված է համապատասխան թվով մարդկանց համար: Ստուգվել են առանձին խցում գտնվողների անձնական գործերը: Չի բացառվում, որ վարչությունը ահազանգ է ստացել, որ կալանավայրերում արտոնյալներ կան, որ խցերում մենակ են մնում, մինչդեռ այլ խցեր ծանրաբեռնված են, ինչն էլ պատճառ է դարձել ստուգումների»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընտրակեղծարարների դեմ հարուցված քրեական գործերով շոուները շարունակվում են: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ դատախազությունը դիմել էր վերաքննիչ դատարան՝ ընտրակեղծարարների համար որպես պատիժ պահանջելով ազատազրկումը: Մասնավորապես դատախազների ուշադրության կենտրոնում էր հայտնվել ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր Նահապետ Գեւորգյանի մտերիմը՝ Աշոտ Կազվանցյանը, որ ԱԺ ընտրությունների օրը կրկնակի քվեարկության փորձ էր արել, եւ նրա նկատմամբ կիրառված 2 տարով ազատազրկումը պայմանականորեն չէր կիրառվել: Սակայն մեղադրող դատախազ Արամ Դոլինյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան՝ պահանջելով, որ ընտրակեղծարարը պատժվի եւ կատարած արարքի համար 2 տարի ազատազրկման մեջ գտնվի:


Այսպիսի խիստ վերաբերմունքի է արժանացել նաեւ Վանաձորի բնակիչ Արտյոմ Հովհաննիսյանը: Մեղադրող դատախազ Ռուդիկ Մինասյանը միջնորդել է՝ դարձյալ կրկնակի քվեարկության փորձ արած ընտրակեղծարարի նկատմամբ կիրառված պայմանական պատիժը վերացվի, եւ նա 2 տարի մնա կալանքի տակ: Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել էր դատախազ Ռուդիկ Մինասյանորոշումը: Ասել է, թե ընտրակեղծարարը կմնա ազատության մեջ: Այսպիսով՝ ամփոփելով իրավիճակը՝ կարող ենք եզրակացնել, որ դատախազությունը ցանկանում էր ցույց տալ, թե ամեն ինչ անում է՝ մեղավորներին խիստ պատիժ տալու եւ արդարադատությունը վերականգնելու համար, սակայն պարտվեց, եւ այդ շոուն տապալվեց: Ընտրակեղծարարները եղել եւ մնում են գործող իշխանության հենասյուները, եւ նրանց նեղացնելու ցանկացած փորձ, բնականաբար, կավարտվի ձախողմամբ»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Armtimes.com-ին հատնի դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի գործերը սկսել են վատանալ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանի զգուշացումը Աբրահամյանին է փոխանցել պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը, առավել հայտնի «Կրակեմ Հրաչ» անունով: Վերջինս Աբրահամյանին հասկացրել է, որ քաղաքական հավակնություններ այլեւս պետք է չունենա, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ դրանց կարիքը Սարգսյանը չի ունենա: Դրանից առաջ էլ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջոցով էր զգուշացում փոխանցվել Աբրահամյաին (վերջիններս խնամիներ են), որը, կարծես թե, այնքան էլ արդյունավետ չէր եղել: Ահա այդ զգուշացումներից հետո էլ սկսվեց Աբրահամյանի բիզնեսի մասսայական վաճառքը:


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությունից ամիսներ անց, մամուլում տարածվեցին տեղեկություններ, որ Աբրահամյանի մերձավորներն արտագաղթում են, վերջիններիս բիզնես գործունեությունը դադարեցվում է: Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ Աբրահամյանները վաճառել են «Արտֆուդ» ընկերությունում իրենց 50 տոկոս բաժնեմասը, գազալցակայանները: Ավելի վաղ տեղեկություն հրապարակվեց, որ Սամվել Ալեքսանյանն էլ գնել է Արտաշատի տրիկոտաժի ֆաբրիկան, որը նույնպես պատկանում էր Աբրահամյաններին: Այսօր այցելեցինք Արարատի մարզ: Արտաշատ քաղաք տանող ճանապարհին՝ Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհի աջ եւ ձախ հատվածներում տեղակայված գազալցակայանները, որոնց մի մասը մինչեւ վերջերս պատկանում էին Հովիկ Աբրահամյանի ընտանիքին, առանձնապես շատ հաճախորդներ չունեին: Գազալցակայաններից մեկի վրա էլ մեծ տառերով գրված էր «վաճառվում է» եւ տակը հեռախոսահամարը:


Արտաշատ քաղաքի հենց կենտրոնում՝ հրապարակի հարեւանությամբ, վեր է խոյանում «Արտաշատ պլազա» առեւտրի կենտրոնը: Իրարանցում տեղի չէր ունենում առեւտրի կենտրոնի տարածքում՝ չնայած նրան, որ այն գտնվում է քաղաքի ամենաբանուկ հատվածում: «Արտաշատ պլազա»-ն ժամանակին հիմնադրել էին Հովիկ Աբրահամյանի կինը՝ Ջուլիետա Աբրահամյանը եւ Արտաշատի ներկայիս փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, որը Հովիկ Աբրահամյանի մորական կողմից ազգականն է: Ընկերության հիմնադրումից հետո Աբրահամյաննի հարազատները դուրս են եկել ընկերության բաժնետերերի ցանկից, սակայն այն շարունակում է մնալ իրենց ընտանիքինը:


Արտաշատ քաղաքից ուղեւորվեցինք Մխչյան՝ Հովիկ Աբրահամյանի ծննդավայր, որի ճանապարհին էլ տեղակայված է «Արտաշատ վինկոն» գինու-կոնյակի գործարանը: Գործարանի մոտ երկու մեքենա էր կայանված, որոնցից մեկը՝ պահակակետի մոտ, փակ էր «Արտաշատ վինկոն»-ի ֆիրմային խանութը: Տեղացի խաղողագործները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ մտավախություն ունեն, որ այս տարի այս գործարանը մթերում չի իրականացնելու: Պատճառը՝ ենթադրում են, որ Հովիկ Աբրահամյանն այլեւս իշխանություն չունի, բնականաբար՝ արտահանում էլ կդժվարանա կատարել, այդ իսկ պատճառով մթերման այս կետը խաղողագործները հանում են իրենց ցուցակներից: Գործարանի կայքում նշված հեռախոսահամարները չէին գործում, ուստի հնարավորություն չունեցանք պարզել, թե արդյո՞ք ճիշտ են գյուղացիների ունեցած տեղեկություններ: Այդուհանդերձ՝ հետաքրքիր գրառումներ հանդիպեցին «Արտաշատ վինկոն»-ի կայքում: Նախ այն, որ փաստացի ընկերությունը ժամանակին պատկանել է անձամբ Հովիկ Աբրահամյանին, սակայն կայքում չէին թարմացրել Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ տեղեկությունները: «Արտաշատ վինկոն»-ի կայքում ՀՀ վարչապետը դեռ Հովիկ Աբրահամյանն է:


Ուշագրավ է նաեւ այս գործարանի արտադրատեսակների անվանումները: Մի հատված մեջբերենք կայքից. «2002թ.-ին Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում կառուցվեց հիմնովին նոր գործարան: Նոր գործարանն այդ ընթացքում մեծ թափ հաղորդեց արտադրությանը, եւ արդեն հայտնի «Արտաշատ Երեք աստղ», «Արտաշատ Հինգ աստղ», «Արտավազդ Տաս տարեկան», «Արտավազդ Տասնհինգ տարեկան» կոնյակների տեսականին համալրվեց նոր՝ «Մարզպետ», «Դռուժբա», «Արգամի 10 տարեկան», «Արգամի 25 տարեկան» եւ «Տաշիր 25 տարեկան» բարձրակարգ կոնյակներով»: Հիշեցնենք, որ «Արգամ» անվանումը եւ Հովիկ Աբրահամյանի հոր անունն է, եւ տղայի՝ ԱԺ պատգամավոր Արգամ Աբրահամյանի:


Հովիկ Աբրահամյանը վերջերս տված հարցազրույցում իր բիզնեսների վաճառքի փաստը մեկնաբանել էր, թե իբր օպտիմալացում է կատարում: «Ափսոսում եմ, որ օպտիմալացման ուղղված ցանկացած բիզնես-գործարք, չգիտես ինչու, անպայման լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում։ Դա նախ վատ ազդակ է մեր գործարար հանրությանը, եւ երկրորդ՝ անարդար է իմ հանդեպ՝ մարդու, ով մեկ անգամ չէ ապացուցել, որ մինչեւ վերջին բջիջը մեր հողի ու ջրի մասնիկն է»,- «NEWS.am»-ի հետ զրույցում ասել էր Հովիկ Աբրահամյանը:


«Հրապարակ» թերթը գրում է. «Դանիայում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության համաժողովին՝ սեպտեմբերի 4-5-ը, ՀՎԿ դարձած ՕԵԿ-ը չի մասնակցի: Խնդիրն այն է, որ ԵԺԿ անդամն «Օրինաց երկիր» կուսակցությունն էր, որն այժմ փաստացի գոյություն չունի, հետևաբար, հրավեր չի եղել։ «Ճիշտ է՝ ՕԵԿ-ը ՀՎԿ հիմնադիր կուսակցություններից է, բայց ՀՎԿ-ն դեռևս ԵԺԿ անդամ չէ, հետևաբար ԵԺԿ վեհաժողովին մասնակցել-չմասնակցելու խնդիր չկա»,- մեզ ասաց ՀՎԿ մամլո խոսնակ Էդգար Առաքելյանը։ Դարձյալ դիմելո՞ւ են՝ արդեն ՀՎԿ-ի անդամության համար։ «Ամենայն հավանականությամբ»։ Իսկ ՀՀԿ-ն և «Ժառանգությունը» ԵԺԿ անդամ են և մեկնել են Դանիա․ Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ-ից, Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Ժառանգությունից»։ Համաժողովի օրակարգում են ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներ»: