Եթե Երևանն ընդունում է, որ այդ սկզբունքները նոր չեն՝ անհրաժեշտ է բանակցություններ սկսել
Ադրբեջանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության շուրջ առարկայական բանակցությունների սկսելու օգտին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:
«Եթե հայկական կողմն ընդունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի ընդգծած սկզբունքները նոր չեն, այդ դեպքում անհրաժեշտ է առարկայական բանակցություններ սկսել»,- Trend հաղորդմամբ ասել է նա:
Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում արտացոլված են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա հակամարտության փուլային կարգավորման հիմնական տարրերը: Եվ այդ տարրերը, ըստ Մամեդյարովի, կազմում են նորացված Մադրիդյան սկզբունքների հիմքը:
«Այդ սկզբունքները ևս մեկ անգամ ընդգծել է ԱՄՆ-ից համանախագահ Ռիչարդ Հոգլանդը: Եթե հայկական կողմն ընդունի, որ այդ սկզբունքները նոր չեն, այդ դեպքում արդեն անհրաժեշտ է առարկայական բանակցություններ սկսել մանրամասների քննարկման նպատակով: Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է ստատուս քվոյի փոփոխության, հակամարտության շուտափույթ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման վերաբերյալ լուրջ բանակցությունների»,- հավելել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Երկու օր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական կետերը: Պաշտոնական Երևանը հայտարարեց, որ դրանք վաղուց հայտնի էին և դրանցում որևէ նոր բան չկա: