23.11.2024
Ամերիկացի համանախագահը որևէ նոր բան չի ասել. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյանը վերահաստատել է դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում

Թուրքմենստանի նախագահի պաշտոնական այցի շրջանակներում նախագահի նստավայրում կայացել են ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ստորագրել են համատեղ հայտարարություն:


Նախագահներ Սերժ Սարգսյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով:


Սերժ Սարգսյանի խոսքով, գործընկերոջ հետ  հատուկ ուշադրություն են հատկացրել առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություններին:


«Ցավոք, գլոբալ շուկաներում անբարենպաստ իրադրությունն անդրադարձել է նաև մեր առևտրաշրջանառության վրա: Այս համատեքստում մենք քննարկեցինք երկկողմ տնտեսական համագործակցության խթանման, փոխգործակցության նոր հորիզոններ դուրս գալու հնարավոր ուղիները և առկա միջոցները: Հուսով ենք, որ այսօրվա պայմանավորվածությունների իրագործումը հնարավորություն կտա շտկել իրավիճակը: Մենք միակարծիք ենք այն հարցում, որ տնտեսական համագործակցությունը պետք է հարստացվի համատեղ նախագծերով, կոոպերացիաներով՝ նորարարության և բարձր տեխնոլոգիաների վրա հատուկ շեշտադրմամբ: Կարծում ենք, որ գործող Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը արդյունավետորեն առաջ կմղի երկկողմ առևտրային կապերի ամբողջ համալիրը, կօժանդակի դրանց հետագա բազմազանեցմանը և նոր, հետաքրքիր ծրագրերի մեկնարկին»,- ասել է ՀՀ նախագահը:


Տնտեսության, զբոսաշրջության և մեր երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնման համատեքստում, նախագահի խոսքով, քննարկվել է երկու մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Այս առումով հայկական կողմը  պատրաստակամություն է հայտնել  տրամադրել թուրքմենական բարեկամներին Հայաստանում իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում նախատեսված արտոնությունների ամբողջական փաթեթ:


«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք առաջ մղել մասշտաբային նախագծեր, որոնց ետևում կանգնած են ժամանակակից արտադրությունը և նոր աշխատատեղերը, ընդհանուր առմամբ՝ ազգային տնտեսությունների զարգացումը: Մեր բանակցությունների ընթացքում պարոն նախագահն ասում էր, որ ինքն արդեն մտածում է ոչ թե միլիոնանոց, այլ միլիարդանոց նախագծերի մասին: Դա մեզ ոգևորում է, և մենք, իհարկե, կաշխատենք այդ ուղղությամբ»,- ներկայացրեց Սերժ Սարգսյանը:


Հայաստանի նախագահը նշել է, որ բանակցությունների ընթացքում պատշաճ ուշադրության է արժանացել արտաքին քաղաքականության թեման: Հայաստանը և Թուրքմենստանը հաջող կերպով համագործակցում են միջազգային հարթակներում, իսկապես մոտ կամ համընկնող դիրքորոշումներ ունեն միջազգային կարևորագույն հիմնախնդիրներում: Այս համատեքստում մենք համաձայնեցինք խորացնել համագործակցությունը տարբեր բազմակողմ ձևաչափերում:


«Բանակցությունների ընթացքում իմ կողմից մեկ անգամ ևս վերահաստատվել է Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, մասնավորապես՝ նրանց, որոնք հավասարապես վերաբերում են ուժի և դրա սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ընդգծվել է հակամարտության գոտում իրավիճակի սրացման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի շրջանակներում խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանն ուղղված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը»,- հավելել է նա։