24.11.2024
Կարեն Կարապետյանը խոստացել է Արցախի սահմանամերձ գոտիներում 200 հա նռան այգի հիմնել
prev Նախորդ նորություն

«Արաս» առևտրի ազատ գոտին Կովկասի և ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության Իրանի դարպասն է

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանը օգոստոսի 17-ին ստորագրել են համագործակցության հուշագիր։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությաունից տեղեկացնում են, որ հուշագրի նպատակն է սահմանել Հայաստանի և Իրանի միջև ազատ տնտեսական գոտիների ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես ապահովել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» տնտեսական հատուկ գոտու առաջմղումն ու սերտ փոխգործակցությունը վերջիններիս զարգացման նպատակով։ Ի թիվս այս նպատակների՝
հուշագրի համաձայն՝ կհաստատվեն կապեր «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև գոտիները կառավարող մարմինների և պետական գերատեսչությունների միջև։


Նախատեսվում է գործուն աջակցություն երկկողմ և բազմակողմ գործարար միջոցառումների և ցուցահանդեսների կազմակերպմանը «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և «Արաս» հատուկ տնտեսական գոտու տարածքներում։ Հատուկ աշխատանքային խումբն ընդլայնված կազմով կզբաղվի ազատ տնտեսական գոտիների գործակցության հարցերով, կմշակի համագործակցության ճանապարհային քարտեզը։ Սուրեն Կարայանը և Աքբար Թորքանը հանդիպման ընթացքում վերահաստատել են, որ արդյունքում ստեղծվելու է ԱՏԳ-ների մեկ ընդհանուր համակարգ, որը կդառնա տարածաշրջանային զարգացման էպիկենտրոնը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Իրանի
նախագահի խորհրդականը ամփոփել են իրանական պատվիրակության այցի մյուս արդյունքները ևս։

Նախօրեին Սուրեն Կարայանի և Աքբար Թորքանի նախաձեռնությամբ ձևավորվել էր երեք աշխատանքային խումբ՝ զբոսաշրջության, ազատ տնտեսական գոտիների և արդյունաբերության ոլորտներում երկու երկրների համագործակցության հնարավորությունները քննարկելու և գործնական առաջարկներ մշակելու նպատակով։


«Ինձ զեկուցել են, որ մեր ստեղծած աշխատանքային խմբերը բավականին արդյունավետ
քննարկումներ են ունեցել։ Վստահ եմ, որ դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները և այն համագործակցությունը, որի սկիզբը մենք այսօր կդնենք, կխորացնեն հայ-իրանական տնտեսական փոխգործակցությունը»,- նշել է Կարայանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը ներկայացրել է խմբերի
աշխատանքների արդյունքները և գործնական առաջարկները։ Մասնավորապես, նշվել է, որ քննարկվել և պայմանավորվածություններ են ձեռք բերվել արդյունաբերության և գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ։

Աքբար Թորքանը  նշել է, որ «Արաս» առևտրի ազատ գոտին Կովկասի և ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության Իրանի դարպասն է.


«Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և բավականին լավ հարաբերություններ ունի ԵԱՏՄ անդամ երկրների հետ, և մենք հուսով ենք, որ կկարողանանք այդ հանգամանքն օգտագործել Եվրասիական շուկա մուտք գործելու համար»,- ասել է իրանցի պաշտոնյան:


Հանդիպման վերջում Սուրեն Կարայանը նշել է, որ Հայաստանն ու Իրանը բավականաչափ առաջընթաց են արձանագրել տնտեսական հարաբերութունների մեջ, իսկ այսօր սկիզբ են դնում նոր ծրագրերի։ Նրա խոսքով, զարգացման լուրջ ներուժ կա արդյունաբերության, զբոսաշրջության ոլորտներում, իսկ ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը կբերի մեր երկու երկրների տնտեսական հարաբերությունների շեշտակի աճի: