Հայաստանը պետք է առաջնորդվի նախ իր շահերով. Քոչարյանը՝ ԱՄՆ-ՌԴ առճակատման մասին
Ցանկացած առճակատման դեպքում յուրաքանչյուր երկիր պետք է առաջնորդվի նախ իր շահերով, սակայն հստակ պահպանի միջազգային խաղի կանոնները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հնչող այն դիտարկումներին, թե ԱՄՆ-ՌԴ առճակատման պայմաններում Հայաստանը ստիպված է լինելու ընտրություն կատարել:
Նրա խոսքով, աշխարհը երբեք սև ու սպիտակ չի եղել: Փոխնախարարը նաև հիշեցրել է այն իրավիճակը, երբ շատ խորն առճակատման մեջ էին Իրանն ու ԱՄՆ-ն և մտավախություն կար, որ այդ ամենը կարող է ռազմական գործողությունների հանգեցնել, բայց Հայաստանն այն ժամանակ էլ որևէ ընտրություն չեի կատարել:
«Մենք ազնիվ ենք եղել, ունեցել ենք նորմալ հարաբերություններ և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ: Առաջնայինը նա է, որ դու հստակ գիտակցես քո շահն ու առաջնորդվես քո շահերով, բայց նաև պահպանելով միջազգային խաղի կանոնները», -հավելեց Շավարշ Քոչարյանը: