Կատարը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացրել
Կատարը համատեղ զորավարժություններ է անցկացրել թուրքական բանակի հետ, ինչը ցուցադրում է երկու երկրների ռազմավարական դաշինքը մի շարք արաբական երկրների կողմից Դոհայի երկամսյա դիվանագիտական շրջափակումից հետո: Այդ մասին օգոստոսի 7-ին հայտնել է Al-sharq կատարյան թերթը:
Նրա տեղեկատվությամբ, վարժանքները նպատակամղված են «կենսականորեն կարեւոր տնտեսական, ռազմավարական եւ ենթակառուցվածքային օբյեկտները» պաշտպանելու Կատարի բանակի պատրաստվածության ստուգմանը: Կատարում գործում է թուրքական ռազմաբազա: Դրա դուրսբերումը այն պայմաններից մեկն է, որոնք մի շարք արաբական երկրներ առաջադրել են Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու համար:
Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը հունիսի սկզբին Դոհայի հետ խզել են դիվանագիտական հարաբերությունները եւ Կատարի հետ դադարեցրել բոլոր հաղորդակցությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու եւ իրենց ներքին գործերին միջամտելու մեջ: Ավելի ուշ որոշմանը միացել են մի շարք այլ պետություններ: