ՀՀ մշտական բնակչության թվաքանակն այս տարվա հուլիսի մեկի դրությամբ կազմել է 2 979 900, որը հունվարի համեմատ 6200-ով նվազել է. այսօր հրավիրված ասուլիսին ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշները՝ ասաց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
Ըստ նրա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակչության թիվը նվազել է 15 200-ով:
Կարինե Կույումջյանը նշեց, որ գնալով մահացության թվերը աճում են, ծնելիությունը նվազում է, իսկ միգրացիայի մնացորդը՝ մեծանում է: Ըստ նրա՝ միգրացիայի մնացորդը կազմել է 8 700 մարդ, այսինքն՝ այսքան քաղաքացիներ առաջին կիսամյակում ՀՀ-ից մեկնել և չեն վերադարձել: Նրանցից 1440-ը հաշվառումից դուրս են եկել: Ծնունդների և մահերի տարբերությունը, որը ներկայացնում է բնական հավելաճը, նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2 460 դեպքով:
Հունվար-հունիսին ծնունդների թիվը կազմել է 17 169 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 7%-ով նվազել է: «2,1 տոկոսով ավելացել են մահվան դեպքերը՝ 14 709 դեպք, նախորդ տարվա 14 403 դեպքի համեմատ, և այս արդյունքում ծնունդների և մահերի տարբերությամբ ձևավորվել է բնական հավելաճ՝ 2460 մարդ, 2016-ի 3990-ի համեմատ, այսինքն՝ այստեղ ևս նվազում ունենք՝ շուրջ 38,3%»,-ով ասաց նա:
Նրա խոսքով, 2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում նվազել է նաև բնակչության բնական աճը:
Կույումջյանն ասաց, որ վերջին տարիներին Հայաստանում կես տարում 18 հազարից մի փոքր ավելի մարդ է ծնվել։ Սակայն 2017 թվականի I կիսամյակում այդ ցուցանիշը հասել է 17.2 հազար մարդու (17169)։ Իսկ մահացությունը մնում է միեւնույն մակարդակում (14 հազարից մի փոքր ավելի)։ Արդյունքում 2017 թվականի առաջին 6 ամսում բանկչության թիվն ավելացել է հազարով՝ կազմելով 1.7 հազար (նախորդ երկու տարիների առաջին 6 ամիսներին՝ ավելացել է 2.7 հազարական մարդով)։
Հատկանշական է, որ ՀՀԿ-ի և վերջինիս առաջնորդ ու երկրի նախագահ Սերժ Սարգսյանի իշխանության ինը տարիների ընթացքում միշտ գրանցել է արտագաղթի ահռելի ծավալներ: Այս խնդրի մասին իշխանության լայն շրջանակներ սկսեցին խոսել այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը, ծրագրային ելույթով հանդես գալով ԱԺ 6-րդ գումարման անդրանիկ նիստում, ի թիվս այլ խնդիրների խոսեց նաեւ արտագաղթի դադարեցման, ՀՀ-ում ժողովրդագրական իրավիճակի «էական բարելավման» եւ «արտագաղթածների վերադարձի նախապայմանների ստեղծման» մասին: Ավելին` նա նախանշեց 2040 թ.-ը, երբ ՀՀ-ում «պետք է հասնել առնվազն 4 միլիոն բնակչի»: