Հարկ վճարողները, մաքսային սահմանը հատողները տեղեկատվություն կստանան մեկ հասցեից. ՊԵԿ
ՀՀ հարկ վճարողները եւ Հայաստանի մաքսային սահմանը հատողներն այսուհետ կարող են իրենց հետաքրքրող տեղեկատվությունն ստանալ մեկ հասցեից՝ www.petekamutner.am կայքից: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:
«Ամսական մինչեւ 360 000 այցելու ունեցող հարկային եւ մաքսային ծառայությունների կայքերը ստեղծված են եղել արդիական մոտեցումներով, սակայն ժամանակին համընթաց կատարելագործելու անհրաժեշտություն է առաջացել»,- նշել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
Բիզնեսի հետ կայուն երկխոսություն եւ գործընկերություն պահպանելու նպատակով ստեղծված կայքը միավորում է մաքսային եւ հարկային ծառայությունների մասնագիտացված կայքէջերը: «Այցելուների կարծիքի եւ նոր տեխնոլոգիաների հիման վրա ձեւավորված հարթակը գործելու է օգոստոսի 1-ից»,-հայտնել է ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը:
Կայքի շնորհանդեսին ներկա էին ՊԵԿ ղեկավարությունը, եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի անդամ հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները: «Ողջունելի է, որ ՊԵԿ-ը հավատարիմ է մնում որդեգրած սկզբունքին եւ կարեւորելով բիզնես հանրության հետ համագործակցությունը՝ նրանց շահերը ներկայացնող կառույցներին առաջարկում է գնահատել նորամուծությունն ու դիտողություններ ներկայացնել»,-նկատել է Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը:
Կայքում առանձնացված է «Էլեկտրոնային ծառայություններ» բաժինը, որտեղ հնարավոր է իրականացնել բոլոր այն գործարքները, որոնք կոմիտեն էլեկտրոնային է դարձրել՝ արդիական գործելաոճ առաջարկելով բիզնեսին:
Տեղեկատվությունը տարանջատված է ըստ թիրախային խմբերի. անհատ ձեռներեցը, ներկրողը, արտահանողը կամ զբոսաշրջիկը շատ արագ կարող են գտնել իրենց հարցերի պատասխանները: Նոր ձեւավորմամբ հարկային օրացույցը հարկ վճարողին հուշում է՝ երբ եւ ինչ հարկատեսակ վճարել: Իսկ ներքին եւ ԵՏՄ տարանցման փնտրման համակարգերը ցույց են տալիս, թե ապրանք ներկրող բեռնատարը մաքսային սահմանը երբ է հատել եւ ուր է ուղեւորվում: «Կայքի միջոցով հնարավոր է ստուգել ՀԴՄ կտրոնի, դրոշմապիտակի վավերականությունը, ստանալ ներմուծողի, արտադրողի կամ ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն. այսինքն՝ ՊԵԿ-ը սպառողին տրամադրում է հսկողական գործիքակազմը՝ հանրային հսկման հնարավորություն ստեղծելով»,-ընդգծել է Միքայել Փաշայանը՝ հավելելով, որ ՊԵԿ-հարկ վճարող առցանց շփումը խրախուսելու նպատակով գործարկված միասնական հարթակը միտված է գործարարի հարմարավետությանը եւ կոմիտեի հետ շփման նվազեցմանը: «Mobile» տարբերակի շնորհիվ կայք կարելի է մուտք գործել նաեւ բոլոր տեսակի սմարթֆոններից: