25.11.2024
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանությունից
prev Նախորդ նորություն

Իսրայելը պատրաստ է զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը

Հայաստանը հետաքրքրված է Իսրայելի հետ համագործակցության զարգացման և հատկապես տնտեսական կապերի ակտիվացման մեջ: Այս մասին, ընդունելով Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությանը, հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:


Կառավարության ղեկավարը դրական է համարել վերջերս Հայաստան-Իսրայել ուղիղ չվերթների գործարկումը:


Ընդգծելով Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու Իսրայելի պատրաստակամությունը՝ Ցախի Հանեգբին նշել է, որ այցի նպատակն է հայաստանյան գործընկերների հետ քննարկումների արդյունքում տնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առևտրի, գյուղատնտեսության բնագավառներում բացահայտել այն ուղղությունները, որոնց շրջանակում երկու երկրները կարող են գործնական փոխշահավետ համագործակցություն ծավալել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Իսրայելի միջև տնտեսական հարաբերությունների և գործարար կապերի աշխուժացման հեռանկարների շուրջ: Վարչապետն անդրադարձել է ՀՀ կառավարության ծրագրով մեր երկրում իրականացվող բարեփոխումներին՝ նշելով, որ դրանց հիմնական նպատակը արդյունավետության բարձրացումն է բոլոր ոլորտներում: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը կարևորել է Իսրայելի հետ փորձի փոխանակումը և ներդրումային ծրագրերի իրականացումը ՏՏ, գյուղատնտեսության, պետական կառավարման, թվայնացման, առողջապահության ու գիտության ոլորտներում: Վարչապետի խոսքով՝ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը կարող է հետաքրքիր հարթակ հանդիսանալ ինչպես երկկողմ գործակցություն ծավալելու, այնպես էլ երրորդ շուկաներ դուրս գալու առումով:

Ցախի Հանեգբին համակարծիք է եղել, որ երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու բազմաթիվ հնարավորություններ կան, և Իսրայելի կառավարությունը պատրաստ է ՀՀ կառավարության հետ ակտիվ աշխատել դրանք կյանքի կոչելու ուղղությամբ: