Ադրբեջանում «Լրտեսների գործի բացահայտումից» երկու ամիս անց էլ շարունակվում են քաղաքացիների և զինվորականների արտադատարանական մահապատիժները: Հայտնի է դարձել ևս երկու սպանվածի մասին, որոնցից առնվազն մեկը՝ նախկին զինծառայող: Այս մասին գրում է razm.info-ն:
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքը հուլիսի 18-ին հայտնել է լրտեսության մեջ մեղադրվող ևս 2 հոգու սպանության մասին: Սպանվածներից մեկի ինքնության մասին որևէ տվյալ հայտնի չէ:
Ձերբակալվածներից Ադրբեջանի Ուջարի շրջանի Շահլըգ գյուղի բնակիչ Միրզեգուլիև Ռաշիդ Գուլու օղլուի (Mirzəquliyev Rəşid Qulu oğlu ) դին զինվորականները բերել էին գյուղ, թաղել, իսկ ընտանիքին չեն թույլատրել մոտ գնալ գերեզմանին:
Հետագայում զինծառայողի հայրը բացել է գերեզմանը և տեսել, որ նրան կտտանքների ենթարկելով սպանել են: Շահլըգի գյուղապետը MeydanTV-ին հարցմանն ի պատասխան հաստատել է զինծառայողի մահվան փաստը, սակայն նշել է, որ ո՛չ իրենց, ո՛չ էլ զինծառայողի ընտանիքին մահվան հանգամանքները չեն հայտնել:
Նշվում է, որ ավելի վաղ Meydan.tv-ն հայտնել էր ևս լրտեսության համար մեղադրվող նույն գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող Միրզելիև Էլչին Գուլու օղլուի (Mirzəliyev Elçin Qulu oğlu) մահվան մասին:
Աղբյուրը հիշեցնում է, որ մայիսի 7-ին Ադրբեջանի մի շարք ուժային և իրավապահպան գերատեսչություններ համատեղ հայտարարել էին Տերտերի շրջանում «հայկական հետախուզության հետ համագործակցելու» մեղադրանքով մի խումբ զինվորականների և քաղաքացիականների ձերբակալման մասին, առանց հայտնելու դրանց թիվը, ինքնությունը։
Ներկայումս ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել ձերբակալված 9 անձի մասին՝ մեկը անանուն: Ձերբակալվածներից 8-ը մահացել են անհայտ հանգամանքներում, իսկ մեկի՝ զինծառայող Իսգենդերով Էլվին Իլգար օղլուի ճակատագիրը դեռևս անհայտ է:
Այսօր՝ հուլիսի 19-ին, Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը հայտնել է նաև երկրում «լրտեսների նոր ցանցի» անդամներին հայտնաբերելու և ձերբակալելու մասին: Ի տարբերություն Տերտերի շրջանի լրտեսական ցացի մասին հայտարարությանը, այս անգամ ներկայացվել են նաև ձերբակալվածներից 6 հոգու անուն: