24.11.2024
Ավտոկայանատեղի վճարը SMS-ով վճարելու դեպքում կգանձվի արտոնյալ 2 դրամ. քաղաքապետարան
prev Նախորդ նորություն

Թումոյի թիմը Վաշինգտոնում FIRST Global ռոբոտաշինության մրցույթին գրավել է 3-րդ տեղը

Հայաստանը ներկայացնող թումոցիների թիմը գրավեց երրորդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի Վաշինգտոնում կայացած FIRST Global ռոբոտաշինության միջազգային օլիմպիական խաղերում, որոնց մասնակցում էին թիմեր աշխարհի 163 երկրից։


Ինչպես հայտնում են Թումոյի մամուլի ծառայությունից, մրցույթի շրջանակներում արտակարգ արդյունքներ ցուցաբերելով՝ Թումոյի պատանիները հայտնվեցին առաջատարների թվում եւ մրցունակ պայքարում գրավեցին երրորդ տեղը՝ զիջելով Եվրոպայի հավաքական թիմին եւ Լեհաստանի թիմին։


Թիմի անդամներն են 14-ից 18 տարեկան թումոցիներ Լեւոն Բալագյոզյանը, Մարիա Տեր-Մինասյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Տիգրան Կիրակոսյանը, Արամ Մադանցյանը, Լիլիթ եւ Աշոտ Թառումյանները եւ նրանց ղեկավար, Թումոյի ռոբոտաշինության դասընթացավար Հայկ Ոսկանյանը։


Հաղթանակած թիմը Երեւան է ժամանելու հուլիսի 21-ին՝ ժամը 13։45, եւ Թումոյի անձնակազմն ու ուսանողները մեկնելու են օդանավակայան՝ պատանիներին դիմավորելու։ Թումոյի թիմն ու ղեկավարությունը հորդորում են բոլորին միանալ իրենց օդանավակայանում եւ սատարել Հայաստանը պատվով ներկայացրած պատանիներին։


Հայաստանը ներկայացնող թումոցիների թիմին շնորհավորել է նաև վարչապետ Կարեն Կարապետյանը:


«Շնորհավորում եմ Հայաստանը ներկայացնող Tumo Center for Creative Technologies թիմին միջազգային հեղինակավոր մրցաշարում պատվավոր երրորդ տեղը գրավելու առթիվ: Առավել կարևորում եմ այն, որ մրցաշարը հենց ռոբոտաշինության ոլորտում է, որը վերջին տարիներին կարևոր դերակատարում ունի Հայաստանի կրթական և տնտեսական զարգացման հարցում: Ապրե՜ք, երեխեք ջան», - նման գրառում է կատարել իր Facbook-ի էջում Կարեն Կարապետյանը: