23.11.2024
Սերժ Սարգսյան. Մեր բանակը օր-օրի ուժեղանում է, ձեռք են բերվում նոր զենքեր և զինատեսակներ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Սերժ Սարգսյանը մտադիր է վերադարձնել Հովիկ Աբրահամյանին և Գագիկ Խաչատրյանին

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ուշագրավ հրապարակումները:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկումից հետո ՀՀԿ-ում տարաձայնությունների թեմա է բացվել: Իշխանության ներկայացուցիչներից շատերն ամբիոնից հայտարարեցին, թե սա ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի ծրագիրն է, իսկ ընդդիմությանն էլ ապսպրեցին, որ ապագայում գործ են ունենալու հենց նրանց հետ: ՀՀԿ-ականներից շատերի համոզմամբ՝ դա սխալ մոտեցում է եղել, որովհետեւ պետք է հստակ հայտարարվեր, որ գործ ունեն Կարեն Կարապետյանի եւ նրա կառավարության ծրագրի հետ, եւ տապալման դեպքում էլ ողջ պատասխանատվությունը կրելու են հենց նրանք: Այսինքն, եթե ապագայում չհաջողվի խոստումը գործ դարձնել, պետք է մեղադրել ոչ թե ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, այլ հենց Կարեն Կարապետյանին, որովհետեւ նա չի կարողացել իր վկայակոչած ծրագրերն իրականացնել»:


«Հրապարակը»  գրում է. «Նոր Սահմանադրությամբ, 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ավելի ճիշտ՝ ՀՀ կառավարության կազմը և կառուցվածքը սահմանող 147-րդ հոդվածով արձանագրվում է, որ կառավարությունը բաղկացած է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից: Ըստ այդմ՝ փոխվարչապետների թիվը չի կարող գերազանցել երեքը, որոնք վարչապետի հանձնարարությամբ իրականացնում են կառավարության գործունեության առանձին ոլորտների համակարգումը:


Ինչպես պարզ է դառնում, հիմա քննարկվում է Սերժ Սարգսյանի վարչապետության ներքո երեք փոխվարչապետի նշանակման հարցը: Ըստ լուրերի՝ հետևյալ կոնֆիգուրացիան է լինելու. մի փոխվարչապետը կլինի վարչապետ Կարեն Կարապետյանը, որը համակարգելու է տնտեսական բլոկը, մյուսը՝ Գագիկ Խաչատրյանը, որը վերջին ամիսներին ակտիվացել է: Քննարկվում է նաև Հովիկ Աբրահամյանին երրորդ փոխվարչապետ նշանակելու հարցը: Արգամիչի և Սերժ Սարգսյանի հարաբերությունները վերջերս բավականին լավացել են, նրանք հաճախակի են հանդիպում, և մերձ շրջանակներն էլ ասում են, որ «վտակները մայր գետերին միանալու» տենդենց ունեն»: 


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած կառավարությունն իր ծրագրում խոստացել է «խելացի» կառավարում իրականացնել, այնուամենայնիվ, շարունակվում են արատավոր բարքերը, երբ պետական կառավարման համակարգում առաջնահերթությունը տրվում է ծանոթ-բարեկամ-կուսակից կապերին: Արդյունքում, օրինակ՝ իրավաբանը կարող է աշխատել երկրաբան, կամ ոստիկանը՝ էկոլոգ: Զավեշտալին այն է, որ այս իրավիճակը միանգամայն «օրինական է», քանի որ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքն էլ չի պարտադրում, որ վերոնշյալ գերատեսչություններում համապատասխան մասնագետներ աշխատեն: Օրենքի 10-րդ հոդվածը, որ սահմանում է քաղծառայության պաշտոնի անձնագիրը, հետեւյալ պահանջներն է առաջ քաշում. քաղծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը ընդգրկում են բարձրագույն կրթություն, առնվազն երկու կամ հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում երկու տարվա աշխատանքային ստաժ, եւ վերջ: Ու ոչ մի խոսք մասնագիտական կրթության մասին: Եւ արդյունքում իրավաբանին, որ հողի շերտերի մասին ոչինչ չգիտի, հանքի շահագործման լիցենզիա են տալիս»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երկօրյա աշխատանքային այցով Հայաստանից Արցախ մեկնած ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Արցախի նախագահի, ԱԺ նախագահի եւ ՊԲ հրամանատարի, ինչպես նաեւ գործընկերների հետ։ Հատկապես նշանավորվել է Լեւոն Մնացականյանի հետ հանդիպումը, որը տեղեկացրել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախի պաշտպանության բանակը շարունակում է սահմանի տեխնիկական վերազինման գործընթացը։ Այս պահի դրությամբ էլ տեխնիկապես լիարժեք վերազինում են անցել երկրորդ եւ երրորդ պաշտպանական կորպուսները, գործընթացը շարունակվում է։ Ուշագրավ է, որ այս անգամ պատգամավորները չեն այցելել սահման, ինչն ավանդույթ է դարձել վերջին տարիներին։ Արա Բաբլոյանի այցից հետո Արցախի սահմանակետերից մեկի խոցումը եւ զոհերը դաս են եղել։ Արցախի իշխանությունները որոշել են սահմանափակել պաշտոնական էսկորտների այցերը դիրքեր»։ 


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը հասավ իր նպատակին. կարողացավ վերջնականապես «ջրել» իր հայրենի Ջրառատ գյուղում ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած բախումների քրեական գործը: Ավելին՝ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Ջրառատի ՀՀԿ-ական փոխգյուղապետ Տիգրան Սարգսյանը, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու եւ դրանով ընդդիմադիր համագյուղացուն մարմնական վնասվածքներ հասցնելու համար ձերբակալվել էր, ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ընդունում է մեղքը եւ խնդրել է դատաքննությունը իրականացնել արագացված կարգով: Արդյունքում, նրան դատապարտել են մեկ տարի ժամկետով, սական պատիժը պայմանականորեն չկիրառվեց՝ սահմանելով փորձաշրջան, եւ նա ազատ արձակվեց:


Հիշեցնենք, որ միջադեպից հետո հարուցված քրեական գործի մի մասը կարճվեց, քանի որ ծեծկռտուքի մասնակիցները հաշտվել էին, բայց քանի որ փոխգյուղապետի կողմից գործադրվել էր նաեւ ապօրինի զենք, եղել էր այդ զենքից մարմնական վնասվածք ստացող, որոշվեց դրա ընթացքն այդպես լուծել: Ահա սա էլ Սերժ Սարգսյանի խոստացած արդար Հայաստանը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Կենտրոնական բանկը վերջին շրջանում ստուգում է գրավատները, որտեղից ահազանգում են․ «Ամեն տարի ԿԲ-ն հրապարակում էր այն գրավատների ցանկը, որտեղ իրենց ֆինանսական վերահսկողության վարչությունն ստուգումներ պետք է իրականացնի։ Դա նորմալ էր։


Առհասարակ՝ բոլոր ստուգող մարմիններն էլ տարեկան կտրվածքով հրապարակում են այդ օբյեկտների ցանկը, սակայն այս տարի ԿԲ-ն, չհրապարակելով ցանկը, այցելում է գրավատներ, ստուգում՝ փորձելով անակնկալի բերել, տուգանել։ Դա նման է նրան, երբ ՃՈ ոստիկանները ծառի տակ թաքնվում են ու տուգանում վարորդներին»։


ԿԲ-ից ասացին, որ անցած տարիներին նման ցանկի հրապարակումը բարի կամքի դրսեւորում էր, իրենք իրավունք ունեն առանց զգուշացնելու եւ ցանկ հրապարակելու ստուգել ցանկացած գրավատուն»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժամանակն է, որ Եվրոպական Միության երկրները սկսեն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Եվրախորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան: «Իհարկե, այդ կոնֆլիկտը պետք է լուծել միայն խաղաղ ճանապարհով, եւ որքան հնարավոր է շուտ, քանի որ մահանում են անմեղ մարդիկ, մահանում են ադրբեջանցիներ, մահանում են հայեր: Ես կարծում եմ, որ պատմական ճշմարտությունը Հայաստանի եւ Արցախի կողմն է: Եթե այս հարցում նրանց չաջակցենք, ապա նշանակում է չընդունել Հարավային Կովկասի պատմական ձեւով բաժանումը, սակայն նման բան չենք կարող թույլ տալ: Ես մեկ խնդիր եմ տեսնում. Արցախն արդեն 20 տարուց ավել է, ինչ առանձին պետություն է, չնայած այն դեռ ոչ ոք չի ճանաչել, նույնիսկ Հայաստանը: Չնայած դրան՝ Արցախն ունի իր առանձին քաղաքականությունը, ժողովրդավարական համակարգ, հաջողակ տնտեսություն: Արցախն իրավամբ առանձին պետություն է, եւ ես կարծում եմ, որ արդեն պետք է սկսել Արցախի ճանաչման գործընթացը»,- ասել է նա»: