Թոքերի քաղցկեղի հիմնական պատճառը ծխելն է: Համաձայն վիճակագրության՝ բոլոր տեսակի քաղցկեղների շրջանում թոքերի քաղցկեղին բաժին է հասնում 85 տոկոսը:
Քաղցկեղի հետազոտությունների միջազգային հիմնադրամը պատրաստել է զեկույց քաղցկեղի հիվանդացության ցուցանիշների վերաբերյալ: Փորձագետները նշում են, որ կան հիմնավոր փաստեր, որոնք վկայում են, որ խմելու ջրի մեջ միշյակի առկայությունը, ինչպես նաև դրա առկայությունը բետա-կարոտինային հավելումներում մեծացնում է թոքերի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Կարոտինոիդներով հարուստ մրգերի և սննդամթերքի օգտագործումը, հավանաբար, պաշտպանում է այս քաղցկեղից:
2012 թվականին թոքերի քաղցկեղով բարձր վիճակագրություն ունեցող 20 երկրների շարքում է հայտնվել նաև Հայաստանը, ընդ որում՝ առաջատար դիրքերում:
Համաձայն զեկույցի, ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում, իսկ ամենացածր ցուցանիշը Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում: 20 երկրների ցանկում առաջատարը Հունգարիան է, նրան հաջորդում են Սերբիան և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը: ԱՄՆ-ն այս ցանկում հայտնվել է 8-րդ տեղում, Լեհաստանը՝ 9-րդ, Չինաստանը՝ 14-րդ, իսկ Հայաստանը 15-րդ տեղում: 20-յակը եզրափակում է Սլովենիան:
Նշվում է, որ թոքերի քաղցկեղի շուրջ 58 տոկոս դեպքերը արձանագրվել են քիչ զարգացած երկրներում: Տղամարդկանց շրջանում թոքերի քաղցկեղը ամենից շատ արձանագրվել է Հունգարիայում, իսկ երկրորդ տեղում հայտնվել է Հայաստանը: Այս քաղցկեղի դեպքերի շուրջ 61 տոկոսը արձանագրվել է քիչ զարգացած երկրներում: 20-յակում հայտնվել են հետխորհրդային այլ երկրներ ևս. Ղազախստանը՝ 8-րդ տեղում, Բելառուսը՝ 14-րդ տեղում, Լատվիան՝ 12-րդ տեղում և Լիտվան՝ 16-րդ տեղում:
Ինչ վերաբերում է կանանց շրջանում թոքերի քաղցկեղի ցուցանիշներին, ապա քսանյակի մեջ հետխորհրդային որևէ երկիր ներառված չէ: 2012 թվականին առաջատարը Դանիան է, այնուհետ Կանադան ու ԱՄՆ-ն:
Հաջորդ զեկույցում հիմնադրամի մասնագետները ներկայացնում են տվյալներ ստամոքսի քաղցկեղի մասով, որը հանդիսանում է աշխարհում 5-րդ ամենատարածված քաղցկեղը: 2012 թվականին արձանագրվել է հիվանդացության 952 հազար նոր դեպք, ընդ որում 71 տոկոսը բաժին է ընկնում քիչ զարգացած երկրներին:
Ամենաբարձր ցուցանիշը Կորեայի Հանրապետությունում է, նրան հաջորդում են Մոնղոլիան ու Ճապոնիան: Ստամոքսի քաղցկեղով բարձր ցուցանիշներ ունեցող 20 երկրների շարքում են նաև հետխորհրդային մի շարք երկրներ՝ Տաջիկստանը՝ 6-րդ տեղ, Ղազախստանը՝ 7-րդ տեղ, Ղրղզստանը՝ 8-րդ տեղ, Բելառուսը՝ 10-րդ տեղ, Թուրքմենստանը՝ 11-րդ տեղ և Ռուսաստանը՝ 19-րդ տեղ:
Տղամարդկանց շրջանում ստամոքսի քաղցկեղի ցուցանիշով առաջատարն են Կորեայի Հանրապետությունը, Մոնղոլիան ու Ճապոնիան: Հետխորհրդային երկրներից ամենից շատ ստամոքսի քաղցկեղով հիվանդանում են Ղրղզստանի տղամարդիկ՝ 4-րդ տեղ, Ղազախստանի՝ 5-րդ տեղ, Տաջիկստանի՝ 7-րդ տեղ, Բելառուսի՝ 8-րդ տեղ, Ռուսաստանի՝ 10-րդ տեղ, Թուրքմենստանի՝ 12-րդ տեղ, Հայաստանի՝ 13-րդ տեղ, ինչպես նաև Լատվիայի՝ 17-րդ տեղ, Լիտվայի և Ուկրաինայի տղամարդիկ՝ համապատասխանաբար 19-րդ և 20-րդ տեղ ցանկում: