24.11.2024
ԵԱՀԿ ԽՎ-ն ցավում է ղարաբաղյան հարցում առաջընթացի բացակայության համար
prev Նախորդ նորություն

Թուրք պատգամավորներն այսուհետ կտուգանվեն Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն այսուհետ կարող են ստիպված լինել տուգանք վճարել Հայոց ցեղասպանության մասին խոսելու համար: Այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։


Tert.am-ի հաղորդմամբ, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և կոալիցիոն «Ազգային շարժում» կուսակցության կողմից պատրաստված և խորհրդարանում պատգամավորների վարքի, նիստերի կանոնակարգի ու արտաքին տեսքի հետ կապված փոփոխությունների 18 կետանոց փաթեթում տեղ է գտել նաև «Թուրք ժողովրդի պատմությունն ու Թուրքիայում ապրող ժողովուրդների ընդհանուր անցյալը վիրավորելու և մեղադրանքներ ներկայացնելու» պարագայում պատգամավորների՝ նիստերից ժամանակավոր հեռացման ու 12 հազ. թուրքական լիրայի չափով աշխատավարձից պահման մասին առաջարկը։


Թուրքական պարբերականը շեշտում է, որ տվյալ կետը թիրախավորում է հենց «1915թ.-ի դեպքերի մասին խոսելիս ցեղասպանություն եզրույթի կիրառումը խորհրդարանում»։


Ավելի ուշ «Ազգային շարժման» անդամների կողմից ավելացվել է նաև «Քուրդիստան» կամ «Քրդական նահանգներ» ձևակերպումներն օգտագործող պատգամավորների դեմ նույն պատժամիջոցը կիրառելու առաջարկը։

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական և Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները հայտնել են, որ առաջարկների փաթեթին չեն աջակցի։


Աղբյուրը հիշեցնում է, որ Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն ամիսներ առաջ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ցեղասպանություն եզրույթի կիրառման համար զրկվել էր 3 նիստի մասնակցելու իրավունքից։


Հայազգի պատգամավորն իր խոսքում, մասնավորապես, նշել էր, որ Թուրքիայում Սահմանադրության առաջին օրինակը կազմվել է հայերի կողմից, և ընդգծել, որ երկիրն ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես հիմա:


«Այդ քաոսային շրջանում մենք կորցրինք չորս ազգի՝ հայերին, հույներին, ասորիներին և հրեաներին, որոնք մեծ կոտորածների և ցեղասպանությունների հետևանքով այս հողերից կա՛մ աքսորվել են, կա՛մ տանջանքների են ենթարկվել», - ասել էր Փայլանը:


Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների պատգամավորներն ընդհատել էին հայազգի պատգամավորին` «դաշնակցականների ահաբեկչության» և «հայերի ապստամբությունների» մասին վանկարկումներով, ու բոյկոտել նրա ելույթը՝ սեղաններին զարկելով: