2016 թվականին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը քարոզչության համար ծախսել է 104 հազար դոլար: Ընդ որում՝ շուրջ տասը տարի է այս թիվը չի փոխվում: Այս մասին ԱԺ-ում 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Վերջինս հիշեցրեց, որ գրեթե ամեն տարի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորները բարձրաձայնում են, որ գերատեսչության քարոզչությանն ուղղված ծախսերը պետք է ավելացվեն, քանի որ այդ գումարը կարող է բավարարել միայն The New York Times պարբերականում մեկ հոդված հրապարակելուն, սակայն ոչինչ չի փոխվում.
«Ես համակարծիք եմ, բայց հասկանում եմ, որ եղած հնարավորությունը դա է»,- նշեց նա:
Ուշագրավն այ է, որ նախորդ տարում ԱԳՆ-ն խնայողություն է արել և 304 մլն դրամ վերադարձվել պետական բյուջե: Ծախսերի թվում են ՀՀ դիվանագիտական 57 ներկայացուցչությունները, որոնցից 32-ը գործում են 1+1 տարբերակով՝ դեսպան և մեկ դիվանագետ:
«Սա է մեր հնարավորությունները»,- կրկնեց Նալբանդյանը:
Վերադառնալով իրենց բուն գործառույթներին՝ դիվանագիտությանը, Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ հայ դիվանագետների աշխատանքի արդյունավետությունն ապացուցում են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում Արցախի հիմնախնդրի շուրջ հանդիպումների արդյունքները։ Իսկ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացված որոշումները համահունչ էին այն ամենին, ինչ մինչև դրանց ասում էր ՀՀ նախագահը։
«Դա մեր դիվանագետների աշխատանքն է։ Դա մենք ենք ասել, ոչ թե Ալիեւը կամ Ադրբեջանի ղեկավարությունը։ Դա ասում են Հայաստանն ու Արցախը։ Դա են ասում ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները»,- շեշտեց նա։
ԱԳՆ-ն նաև պարտքեր ունի տարբեր միջազգային կազմակերպությունների, իսկ դրանց թիվը 96-ն է, որոնց անդամակցության համար ոչ միայն տարեկան անդամավճարներ են արվում՝ տարեկան շուրջ 5 մլն դոլար, այլև փակում են 1990-ականների վերջից կուտակված պարտքերը: Այդպես փակելով, պարտքն այսօր նվազել է մինչ 1,8 մլն դոլար, թեև ընդհանուր պարտքի գումարը եղել է ավելի քան 9 մլն դոլար:
«Մենք հնարավորություն ունեինք այդ պարտքերի մի մասը խնայված գումարներից փակել, սակայն պայմանավորվածության և համաձայնագրերի համաձայն՝ դա հնարավոր է անել միայն տարեկան համապատասխան չափով: Դրա պատճառով էլ պետբյուջե ուղարկեցինք խնայված գումարը»,- տեղեկացրեց պատգամավորներին ԱԳ նախարարը: