24.11.2024
Մինչև 2018թ. կլուծվի զոհված ազատամարտիկների և զինծառայողների ընտանիքների բնակարանի խնդիրը
prev Նախորդ նորություն

Կառավարությունը վտանգում է Սևանա լճի ապագան ու ՀՀ քաղցրահամ ջրերի պաշարները

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատման է ներկայացվել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է 2017 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 270 մլն մ3՝ այսինքն օրենքով սահմանվածից 100 մլն մ3 ավել։


Կառավարությունը դա հիմնավորել է հետևյալ փաստարկներով․


«Անհրաժեշտ է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2017թվականի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 270 մլն մ3, ինչը ունի համապատասխան հիմնավորումներ.


Տնտեսական առումով՝


Լրացուցիչ մինչև 100 մլն մ3 ծավալով ջրբացթողման ավելացումը կբերի մեխանիկական ջրարտադրությունն ինքնահոսով փոխարինման արդյունքում էլեկտրաէներգիայի 1.2 մլրդ դրամ ծախսի տնտեսման: Սևանա լճից 100 մլն մ3 ջրառ = շուրջ 60 մլն մ3 Մխչյանի և Ռանչպարի պոմպակայաններում մեխանիկական ջրարտադրություն x 22 դրամ/մ3:


Մուլտիպլիկատիվ էֆեկտ՝


Լճից մինչև լրացուցիչ 100 մլն մ3 ծավալով ջրբացթողնման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 97 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա, ուստի և դրանով պայմանավորված ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պարտավորության ինչն էլ ՀՀ կառավարության որոշման համաձայն հետագայում


Էկոլոգիական առումով՝


Լրացուցիչ ջրբացթողումները լճի վրա բացասական ազդեցություն չեն ունենա՝ հետևյալ հանգամանքներով պայմանավորված.


Լճում ջրի բավարար քանակի առկայություն


օրենքի ընդունումից հետո (2001թ.) մինչև ս.թ. հունիսի 19-ի համեմատ լճի մակարդակի փաստացի բարձրացում՝59 մ-ով (1896,32 մ – 1900,91 մ), արդյունքում ծավալի ավելացում շուրջ 6.0 մլրդ մ-ով (459 սմ x 13 մլն մ3/սմ),
Լրացուցիչ 100 մլն մ3 ջրբացթողումը ըստ հաշվարկների կարող է բերել Սևանա լճի ջրի մակարդակի մինչև 8 սմ անկման, ինչի դեպքում նույնպես անցած տարվա նույն օրվա նկատմամբ կապահովվի Սևանա լճի ջրի մակարդակի դրական աճ:


Լճում ջրի բավարար որակի առկայություն


լճի ջրի աղտոտման ռիսկի կրճատում՝ պայմանավորված լճի ծավալի ավելացմամբ և ջրհավաք ավազանում Մարտունի, Գավառ, Վարդենիս և Ջերմուկ քաղաքների մաքրման կայանների գործարկմամբ»:
Նշենք, որ Բնապահպանության նախարարությունը որոշ առարկություններ է ներկայացրել այս նախագծի վերաբերյալ։ Սակայն հաշվի առնելով վարչապետ Կարեն Կարապետյանի ունեցած անսահման մոլուցքը ցանկացած միջոցով ներդրումներ ստեղծելու նկատմամբ՝ դժվար է ենթադրել, որ այդ առարկությունները հաշվի կառնվեն վերջնական որոշում կայացնելիս։


Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը ահազանգում է ու նաև հիշեցնում, որ համաձայն ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի 06.06.2017թ. նիստի N4-փ/17 արձանագրության քաղվածքի՝ նույնիսկ լճի ներկայիս մակարդակի հետագա պահպանումը կրկին հարցականի տակ կդնի հատակում ձևավորվող պաշտպանական շերտի՝ հիպոլիմնիոնի գոյությունը, վերջինիս արդյունքում կակտիվանան ներջրամբարային պրոցեսները, և կենսածին տարրերը տիղմից կանցնեն ջրային միջավայր՝ նպաստելով լճի էվտրոֆիկացման գործընթացին:


Կլիմայի փոփոխման պայմաններում Հայհիդրոօդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն, եթե Սևանա լճի ջրի ջերմաստիճանը 1 աստիճանով բարձրանա, սպասվում է շուրջ 70մլն խոր մ ջրի կորուստ գոլորշիացման հետևանքով, իսկ տեղումների կրճատման դեպքում՝ ևս 36 մլն խոր մ: Մակարդակի իջեցման հետևանքով լճի ծավալի փոքրացումը միայն կմեծացնի ջերմաստիաճանային ռեժիմի խախտումը: Համաձայն նախագծի Սևանա լճից ևս 100 մլն խոր մ ջրաքանակ բաց թողնելու դեպքում լճի մակարդակը կիջնի ևս 8սմ-ով՝ արդյունքում խախտելով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան ջրային դրական հաշվեկշռի սահմանաչափը: Մինչդեռ Սևանա լճի էկոհամակարգի ոչ կայուն էկոլոգիական վիճակից ելնելով անհարաժեշտ է ապահովել «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով սահմանված տարեկան ջրային դրական հաշվեկշիռը:


Եթե նախագիծը կներկայացվի Ազգային ժողով և այնտեղ ընդունվելու դեպքում նորից վտանգվելու է Սևանա լճի առանց այն էլ երերուն էկոլոգիական հավասարակշռությունը։


Նախաձեռնությունը կոչ է անում Սևանա լճի ապագայով մտահոգ բոլոր քաղաքացիներին և կազմակերպություններին իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն մեր քաղցրահամ ջրերի պաշարների։