ՀԱՊԿ-ը ՄԱԿ հարցումով խաղաղապահ ոստիկանություն կստեղծի
ՀԱՊԿ-ը ՄԱԿ հարցումով աշխատում է խաղաղապահ ոստիկանություն հատուկ ստորաբաժանումների կազմավորման վրա, որոնք մասնակցելու են խաղաղության պահպանման գործողությունների: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
«Այժմ մենք ՄԱԿ առաջարկով և խնդրանքով միլիցիայի հատուկ ստորաբաժանում ենք ստեղծում, որը կարող է մասնակցել խաղաղության պահպանման ՄԱԿ առաքելություններին»,- ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Նա նշել է, որ այդպիսի ստորաբաժանումներում կընդգրկվեն կազմակերպության անդամ բոլոր պետությունների իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
«Անվտանգության խորհրդի քարտուղարության կոմիտեն արդեն քննարկել է այդպիսի ստորաբաժանման կառուցվածքը, առաջարկները կզեկուցվեն նախագահներին: Բոլոր պետությունները հավանություն են տվել»,-ասել է Սեմերիկովը:
Նա հիշեցրել է, որ ՄԱԿ-ը հաստատել է ՀԱՊԿ խաղաղապահների համապատասխանությունը գործող չափանիշներին և հաստատել է, որ նրանք կարող են մասնակցել խաղաղապահ գործողություններին երրորդ երկրների տարածքում: