25.11.2024
ՌԴ զբոսաշրջային այցելությունների քանակով ՀՀ-ն 4-րդն է ԱՊՀ-ից
prev Նախորդ նորություն

Մամուլ. Երկու գեներալներ կհեռացվեն ԶՈւ գլխավոր շտաբից՝ ստիպված այլ աշխատանք են փնտրելու

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյան
Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյան

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես մոտ մեկ ամիս առաջ մենք գրել էինք, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանը նշանակվել է շտաբի պետի առաջին տեղակալ: Մեր աղբյուրների վկայությամբ առաջիկայում Պաշտպանության նախարարության օպտիմալացման շրջանակներում կրճատվելու են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալների հաստիքները: Գեներալ–լեյտենանտներ Հայկազ Բաղմանյանն ու Ստեփան Գալստյանը ստիպված են լինելու այլ աշխատանքի անցնել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ավշարի գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը՝ Դերժավայի, ՍԱՍ-ի Արտակը, Քլոսը՝ Աշոտ Արսենյանը, այս գումարման ԱԺ-ում հայտնվել են եվրաինտեգրման հանձնաժողովում։ Պատճառն այն է, որ ակտիվ պատգամավորները խույս են տվել պասիվ հանձնաժողովից, ու այստեղ հայտնվել են չաշխատողները։ Երեկ հանձնաժողովի նիստից նրանց բացակայությանն անդրադառնալով՝ նախագահ Նաիրա Զոհրաբյանն սպառնացել է, որ միջոցներ կձեռնարկի՝ «տվյալ օրվա համար աշխատավարձից պահում կարվի»։ Նա ասել է, որ իր օգնականը դիմել է Գրիգորյանի օգնականին՝ տեղեկացնելու նիստի մասին, սակայն փոխանցել են, որ պատգամավորին նման հարցերով չանհանգստացնեն։ Ի դեպ, աշխատավարձը կտրելով, այս անձանց չես վախեցնի՝ նրանց քարտերը տնօրինում են օգնականները, որոնք էլ սգի մեջ են»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս տեղեկացրել էինք, որ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո փոփոխություններ են սպասվում ԱՆ ՔԿՀ վարչություններում: Դավիթ Հարությունյանը մտադիր է ազատվել հատկապես ՔԿՀ՝ կոռումպացված, վատ աշխատող պետերից: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ Դավիթ Հարությունյանի նշանակումից հետո ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյանից պահանջել են խիստ աշխատանք՝ ՔԿՀ ոլորտը կարգարոելու համար: Արդյունքում ՔԿՀ պետերի շրջանում որս է սկսվել, թե ով կմնա կամ ով կգնա, կամ ում որտեղ պետք է տեղափոխեն: Մեզ հայտնի դարձավ, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արսեն Աֆրիկյանն առաջիկայում ազատվելու է պաշտոնից եւ նշանակվելու է «Աբովյան» ՔԿՀ ղեկավար, իսկ ահա «Աբովյան» ՔԿՀ-ի պետ Մանուկ Միքայելյանը ղեկավարելու է «Դատապարտյալների հիվանդանոցը»: Չի բացառվում, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Սերոբ Հարությունյանը եւս լքի իր պաշտոնը եւ աշխատանքի անցնի քրեակատարողական վարչության պետի տեղակալի պաշտոնում»:


«Իրատես» թերթը գրում է. «Մեծահարուստ Սամվել Կարապետյանը շուտով առեւտրի եւ զվարճանքի հերթական խոշոր կենտրոնը կբացի Հայաստանում: Արաբկիր համայնքում` Ա. Ավետիսյան-Վ. Փափազյան խաչմերուկից մինչեւ Հ. Քոչար-Վ. Փափազյան խաչմերուկ ձգվող տարածքում, կառուցվում է մոսկովյան ապրանքանիշ հանդիսացող «Ռիո» ցանցի կենտրոններից մեկը: Ռուսաստանի 17 քաղաքներում այժմ գործում են ցանցի 21 կենտրոններ: Երեւանյան կենտրոնում կլինեն 100-ից ավելի տաղավարներ« կգործեն «Տաշիր պիցցա», «Սինեմա Սթար» ցանցի կենտրոնները, բանկ, սուպերմարկետ, սրճարան եւ այլ ծառայություններ: Որոշ տեղեկություններով, այս կենտրոնի համար Սամվել Կարապետյանը ծախսել է ավելի քան 50 մլն դոլար: Կենտրոնի ընդհանուր մակերեսը մոտ 22 հազար քմ է: Այն ունենալու է 4 մասնաշենք, 1-ին մասնաշենքը կունենա 4 հարկ, 2-րդը՝ 2, 3-րդը՝ 3, 4-րդը՝ 2 հարկ: Աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում: Օրերս փակցվել է ցուցանակ, որ շուտով կբացվի «Ռիո» կենտրոնը, որին նախորդել էր հայտարարություն, թե տարածքներ են վարձակալման տրվում: Այս խոշոր կառույցը համատեղ բիզնես ծրագիր է, դրանում իր մասնաբաժինն ունի նաեւ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը: «Ռիո» հիպերմարկետի տարածքը Գագիկ Բեգլարյանինն է: Հավելենք, որ Երեւանում Սամվել Կարապետյանն ունի եւս մեկ խոշոր առեւտրի կենտրոն` «Դալմա գարդեն մոլը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հաջորդ շաբաթվանից թեժ խորհրդարանական օրեր են սպասվում, ազգընտիրները մինչեւ հուլիսի կեսը քրտնաջան կաշխատեն։ Կառավարության ծրագիրը դեռ ԱԺ չի հասել, բայց ատամները սրած սպասում են թե ընդդիմադիրները, թե իշխող ՀՀԿ-ն, որտեղ Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան քողարկված մրցակցության ֆոնին ամեն ինչ այնքան էլ խաղաղ չէ։ Ծրագիրը կքննարկվի եկող շաբաթ, արտահերթ նիստում՝ հունիսի 19-ին կամ 21-ին։ Իսկ հուլիսի 6-ին ԱԺ-ում երկրորդ արտահերթում կքննարկվի կառավարության 2016թ․ կատարողականը»։