ՀԱՊԿ-ի հավաքական ուժերի զորավարժությունները տեղի կունենան Ղրղզստանում. Խաչատուրով
ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործողություն» զորավարժությունները տեղի կունենան 2018 թվականին, Ղրղզստանում։ Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, փոխանցում է БЕЛТА-ն։
Խաչատուրովի խոսքով՝ ՀԱՊԿ-ի նախարարների խորհուրդն այսօր Մինսկում քննարկել է վարչության մարմինների եւ ուժերի ձեւավորման նախապատրաստության ծրագիրը, ինչպես նաեւ 2018 թվականին ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության միջոցները։ Փաստաթղթով նախատեսվում է մի շարք զորավարժություններ անցկացնել՝ Ռուսաստանում խաղաղարար ուժերի հետ «Անքակտելի եղբայրություն» զորավարժությունը, արագ արձագանքման հավաքական ուժերի հետ Տաջիկստանում «Սահման» զորավարժությունը, հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» զորավարժությունը Ղազախստանում, ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի հետ զորավարժություն՝ Ռուսաստանում։
Բացի այդ, նախատեսված են տարբեր թեմաների շուրջ ժողովներ, համաժողովներ ու կլոր սեղաններ։ Ինչ վերաբերում է այս տարվան՝ նմանատիպ զորավարժություններ տեղի կունենան Հայաստանում, Ղազախստանում եւ Ռուսաստանում։ «Ի տարբերություն նախորդ տարիների՝ դրանք միասնական մտահաղացմամբ են տեղի ունենում, ընդհանուր օպերատիվ-ռազմավարական ֆոնին»,-նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Բացի այդ, ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ մի շարք փաստաթղթեր են ընդունվել։ «Ինչպես ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս անվտանգության եւ կայունության ապահովման հարցերի շուրջ կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել»,-ամփոփեց Խաչատուրովը։