Յունկեր. ԵՄ-ն ռազմարդյունաբերության ամենամեծ ներդրողը կդառնա
Եվրամիությունը մտադիր է առաջիկա տարիներին դառնալ աշխարհի ամենամեծ ներդրողը ռազմարդյունաբերության ոլորտում: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը ելույթ ունենալով Պրահայում անցնող Պաշտպանության և անվտանգության միջազգային կոնֆերանսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Պաշտպանության ներդրումային հիմնադրամի ԵՄ ներկայացրած նախագիծը թույլ կտա Եվրամիության խոշորագույն ներդրողը դառնալ ռազմարդյունաբերւթյոն ոլորտում»,- ասել է նա:
Պաշտպանական հիմնադրամը կգործի 2020-ից և կապահովի տարեկան €5.5 մլրդ ներդրում ռազմարդյունաբերության ոլորտում:
Յունկերն ասել է, որ այսօր ԵՄ բոլոր երկրները ծախսում են մոտավորապես այն գումարը, որը ԱՄՆ-ն է հատկացնում պաշտպանության ոլորտին, սակայն եվրոպական հատկացումների արդյունավետութունը ամերիկյանի համեմատ ընդամենը 15 տոկոս է: Ըստ նրա, պատճառը եվրոպական ռազմարդյունաբերական համալրիի խորը հատվածականությունն է։