Վրաստանում 7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են նաև ՀՀ-ում
ՀՀ արտակարգ իրավիճաների նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Նոյեմբերյան, Իջևան, Բերդ, Ալավերդի, Դիլիջան քաղաքներում 4-5 բալ, Ստեփանավան, Տաշիր, Սևան և Ճամբարակ քաղաքներում՝ 4 բալ, Վանաձոր, Սպիտակ, Գավառ և Վարդենիս քաղաքներում 3-4 բալ, Երևան, Գյումրի, Հրազդան, Աբովյան, Չարենցավան և Ապարան քաղաքներում 3 բալ, Վաղարշապատ, Արտաշատ, Եղեգնաձոր և Ջերմուկ քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:
Հունիսի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով` 18:25-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.370 և արևելյան երկայնության 45.760 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի, Աղստաֆա քաղաքից 28 կմ հյուսիս-արևելք), օջախի 12 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում 4-5 բալ, Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում 3 բալ ուժգնությամբ: