ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Այս մասին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Կողբի զորամասում կայացած խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ հերքելով իր և վարչապետի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները և լուրերը թե Կարեն Կարապետյանը պատրաստվում է հրաժարական ներկայացնել:
«Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե’ կուսակցության, թե’ իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»,«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ Նախագահը:
Հիշեցնենք, որ արդեն տեւական ժամանակ է, ինճ մամուլում հրապարալվում են լուրեր Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջեւ լարված հարաբերությունների մասին:
Այսօր նման հարապարակեւմներով հանդես էին եկել «Ժողովուրդ» և «Ժամանակ» թերթերը:
Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ փորձել է հրաժարական ներկայացնել, սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է այն ընդունել եւ համոզել է, որ շարունակի պաշտոնավարումը: «Կարապետյանը կարճ է պաշտոնավարելու, եւ ՀՀԿ-ն արդեն սկսել է հասարակությանը կամաց-կամաց պատրաստել վարչապետի փոփոխությանն ու այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակմանը: Պատահական չէ, որ երեկ էլ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է հայտարարել, թե ԱԺ ընտրությունների արդյունքներով՝ մինչեւ 2022թ. ժողովուրդը կառավարություն ձեւավորելու եւ վարչապետ նշանակելու իրավունքը տվել է ՀՀԿ-ին, եւ հավելել. «Սա խորհրդարանական համակարգ է, ոչ թե վարչապետական, որտեղ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն», - գրել է թերթը:
Շարունակելով թեման՝ «Ժամանակ» թերթը, հղում կատարելով Շարմազանովի խոսքերին, հայտնել էր, որ 2018-ին վարչապետ կլինի նա, ով, ՀՀԿ-ի կարծիքով, կարող է լավագույնն իրականացնել անվտանգության դոկտրինը:
«ՀՀԿ խոսնակի ասածին դժվար է հակափաստարկ բերելը, որովհետեւ, ինչքան էլ անորակ լինի Հայաստանի իշխանությունը, դրա ձեւավորման հիմքում առաջնայինը լինելու է անվտանգության բաղադրիչը: Այլ կերպ չի կարող լինել մի երկրի պարագայում, որն ունի չկարգավորված հակամարտություն եւ փակ սահմաններ իր երկու հարեւանների հետ: Երբ առաջին պլան ենք բերում անվտանգության հարցը, պարզ է դառնում, որ Շարմազանովն, ըստ էության, խոսում է Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարի մասին ու նույն այդ հեռանկարը բացառում է Կարեն Կարապետյանի համար»,- գրել էր թերթը: