24.11.2024
ԱԳՆ. Ադրբեջանի կողմից Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակումն ուղղված է հենց ԵԱՀԿ-ի դեմ
prev Նախորդ նորություն

ԼՂ հակամարտությունում հավասարակշռությունն անխախտ է, խնդիրը՝ Երևանի և Բաքվի ուսերին. ՌԴ ԱԳՆ

ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հարցազրույց է տվել ադրբեջանական haqqin.az կայքին և մեկնաբանել ղարաբաղյան կարգավորման գործընթացն, ինչպես նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում վերջին դրվագը՝ կապված ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններից մեկի լուծարման հետ։ Նա ասում է՝ Ռուսաստանը շահագրգռված է կարգավորման տեղաշարժով, սակայն հիմնական խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ուսերին է։


Կարասինի այս հայտարարությունը համահունչ է ռուսաստանցի առաջատար քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի տեսակետի հետ․ «Ռուսաստանը չի կարող Հայաստանի և Ադրբեջանի փոխարեն համաձայնության գալ»։ Մարկեդոնովը, միևնույն ժամանակ կարծում է, որ Ռուսաստանին «գուցե կարելի է մեղադրել նրանում, որ պատրաստ չէ խթանել, արագացնել խաղաղության գործընթացը․ դա գերազանցապես պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի կառավարությունը դիվանագիտական բեկման համար պարարտ հող չի տեսնում»։


Կարասինը, մինչդեռ, պնդում է. «Մենք շահագրգռված ենք ղարաբաղյան կարգավորման գործընթացի տեղաշարժով և նրանով, որ առավելագույնս նպաստենք հակամարտության կարգավորմանը,- ասել է դիվանագետը։ - Այո, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է և այդ եռյակում ակտիվորեն աշխատում է։ Եվ ինչպես 2013 թ. հայտարարել էին երեք համանախագահ երկրների ղեկավարները՝ իրենք պատրաստ են նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը, սակայն հիմնական խնդիրը Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ուսերին է։ Մենք մեր կողմից շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»։


Կարասինը, ինչպես գրում է Սիվիլնեթը, պատասխանել է նաև հարցին, թե արդյոք Ռուսաստանը որպես միջնորդ երկիր, Հայաստանին մատակարարելով «Իսկանդեր» համալիրներ, «չի խախտում հավասարակշռությունը տարածաշրջանում». «Կարծում եմ՝ հավասարակշռությունն անխախտ է։ Մենք սպառազինություն ենք մատակարարում Հայաստանին, սակայն զենք ենք մատակարարում նաև Ադրբեջանին։ Հաշվի է առնվում այն, որ չնայած Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մեր դաշնակիցն է, առկա է նաև այնպիսի հասկացություն, ինչպիսին է պատասխանատու վերաբերմունք մատակարարումների հանդեպ, և, կարծում եմ, դա միանգամայն բնորոշ է ՌԴ վարքագծին»։


Ռուսաստանցի դիվանագետը մեկնաբանել է նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը՝ պայմանավորված վերջերս ՌԴ Գերագույն դատարանի որոշմամբ, որով լուծարվում է «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպությունը. «Խնդիրներ, անշուշտ, կարող են լինել բոլոր երկրների հետ հարաբերություններում, սակայն մենք դրանք լուծում ենք օպերատիվ կերպով,- նշել է Կարասինը՝ ասելով, որ Ռուսաստանում գործում է ավելի քան 260 ադրբեջանական սփյուռքի կազմակերպություն։ Ինչ վերաբերում է կոնգրեսին, ապա բոլոր հարցերը լուծվելու են իրավական հարթությունում, և Ռուսաստանն Ադրբեջանի հետ շարունակելու է հանգիստ զարգացնել հարաբերությունները»։


«Ես դրանում որևէ դավադրություն, ինչ-ինչ լոբբիստական խմբերի աշխատանք չէի փնտրի»,- ասել է Կարասինը։


Այդկերպ նա արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևի՝ ավելի վաղ արած այն հայտարարությանը, թե Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշման հետևում կանգնած են հայկական շրջանակներն ու լոբբին։


Ի դեպ, Հիքմեթ Հաջիևի մեղադրանքներին բավական կտրուկ հակադարձել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ասելով, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարություններն «անտեղին են»։


«Մեզ պետք չեն ինչ-որ կասկածելի խորհուրդներ այն հարցում, թե ինչպես կառուցել ազգամիջյան հարաբերությունները սեփական երկրում։ Ռուսաստանը բազմազգ ժողովրդավարական պետություն է, որտեղ ապահովվում և պաշտպանվում են յուրաքանչյուրի իրավունքները՝ անկախ ազգային պատկանելությունից»,- մամուլի ասուլիսին ասել է Զախարովան։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցիների շահերը ներկայացված են ավելի քան 260 ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով։