24.11.2024
Վրաստանն ամրապնդել է ՆԱՏՕ–ի անդամ դառնալու իր ցանկությունը
prev Նախորդ նորություն

Հայկական կարտոֆիլը՝ Ադրբեջանում. ադրբեջանական շուկայում նաև Արցախն է ներկայացված

2017 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանը 60.000 տոննա կարտոֆիլ է ներկրել, ինչը 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ 20 տոկոսով պակաս է: Ներկրված կարտոֆիլի մեծ մասը Վրաստանից է: Ադրբեջանական Meydan TV-ի հաղորդմամբ, կարտոֆիլի մեծ մասը հայկական է:


«Վստահաբար կարող եմ ասել, որ Վրաստանն այնքան կարտոֆիլ չի աճեցնում, որ արտահանի: Դա հիմնականում հայկական կարտոֆիլ է, որը վրացականի անվան տակ ներկրվում է Ադրբեջան: Բացի այդ, Հայաստանից ոչ միայն կարտոֆիլ է ներկրվում, այլև մանր եղջերավոր անասուն, ոչխար և նույնիսկ ծիրան: Այդ ամենը փաստաթղթավորվում և ներկայացվում է որպես վրացական»,- հայտարարել է փորձագետը Վահիդ Մագերամովը:


Փորձագետը նշել է, թե Վրաստան միայն Արցախում տեղակայված անասնապահական տնտեսություններից անցած տարվա ընթացքում ներկրվել է մինչև 700 հազար խոշոր եղջերավոր անասուն, որի մի մասը այնուհետ հայտնվել է Ադրբեջանի շուկայում՝ վրացականի անվան տակ:  


Ի դեպ, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական շուկայում հայկական արտադրանք է հայտնվում: Այդպես, 2014 թվականին տեղական ԶԼՄ-ները գրեցին, թե Ադրբեջանում վաճառվում է հայկական կարտոֆիլ, բայց թե ինչպես էր այն հայտնվել երկրում այդպես էլ չպարզվեց: Պատասխանատուները հայտարարեցին, թե հայկական կարտոֆիլը չէր կարող հայտնվել Ադրբեջանի շուկայում, քանի որ սահմանին անհրաժեշտ է ներմուծման թույլտվություն և համապատասխան փաստաթղթերի ներկայացում:


Հիշեցնենք, մեկ ամիս առաջ Հայաստանում սկանդալային բացահայտում արվեց՝ շուկայում վաճառվում է ադրբեջանական խնձոր: Վերջինս, ինչպես պարզեց Գլխավոր դատախազությունը, շուկայում է հայտնվել ապօրինի ճանապարհով. ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքից ՀՀ պետական սահմանով գյուղատնտեսական ապրանքներ են ներմուծել, այդ թվում՝ ադրբեջանական խնձոր:  Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում պարզվել է, որ վերը նշված ապրանքները ՀՀ պետական սահմանով տեղափոխվել են առանց մաքսային հսկողության՝ կաշառքի դիմաց մաքսային ծառայողների թողտվությամբ: Արդյունքում ադրբեջանական խնձորի գործով 8 անձի մեղադրանք է առաջադրվել, այդ թվում ՊԵԿ պաշտոնյաների: