25.11.2024
Ինչպես են ձերբակալում Բավրայի մաքսատան պետին. ֆոտորներ, տեսանյութ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Լուրջ պաշտոնանկությունների սպասում ՊՆ-ում և պետության սնանկացման վտանգը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ առաջիկայում պաշտոնից կազատվեն նախարարության մի քանի վարչությունների պետեր, նաեւ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պատասխանատու պաշտոնյաներ, զորամասերի հրամանատարներ: Նկատենք՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի՝ նախարարություն անակնկալ այցից հետո: ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման հաջորդ օրը եղավ Ս. Սարգսյանի հրամանագիրը՝ ռազմական ոստիկանության պետի փոփոխության մասին. Սամվել Ղուկասյանի փոխարեն նշանակվեց նախագահականի թիկնազորի պետի տեղակալ Արթուր Բաղդասարյանը: Ու հիմա, փաստորեն, մի շարք փոփոխություններ դեռ առջեւում են»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական վիճակը գնալով էլ ավելի է ծանրանում, եւ կարճ ժամանակ անց հայտնվելու ենք սնանկացման եզրին, երբ բյուջեում պարզապես գումար չի լինելու անգամ թոշակներն ու աշխատավարձերը վճարելու համար: Ու քանի որ իշխանություններն արդեն սպառում են բյուջեի պակասուրդը լրացնելու նպատակով նոր վարկեր վերցնելու լիմիտը, ստիպված վաճառքի են հանում դեռեւս պետական մի քանի հիմնարկները:


Եւ այսպես՝ ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության արժանացավ «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսված է մասնավորեցնել 47 ընկերություններ, այդ թվում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Հայավտոկայան» ՓԲԸ-ն, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիան, կառավարության ընդունելությունների տունը, մի շարք բուժհիմնարկներ: Մասնավորեցման ծրագրի արդյունքում ակնկալվում է ստանալ 35-36 մլրդ դրամ, որն էլ ուղղվելու է պետբյուջե: Ճիշտ է՝ իշխանությունները հիմա կփորձեն այս քայլն արդարացնել՝ ասելով, որ այն արվում է անշարժ գույքն ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով: Բայց սա ընդամենը պարզունակ արդարացում է՝ քողարկելու իրական նպատակը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային ցուցակով ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո Մարտուն Գրիգորյանը խորը ընկճախտի մեջ է։ Նա չի շփվում ոչ լրագրողների, ոչ քաղաքական թիմի անդամների հետ։ Ասում են՝ Սերժ Սարգսյանը Մարտուն Գրիգորյանին տեղեկացրել է, որ Շիրակի մարզից ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով ԱԺ պատգամավոր դարձած Ֆելիքս Ցոլակյանին մեկ տարուց կնշանակի որեւէ այլ աշխատանքի, իսկ ինքը կգա ԱԺ։ Բայց դա տեղի կունենա հավանաբար 2018-ի ապրիլից հետո։ Մարտուն Գրիգորյանը միաժամանակ մտորում է ընտանյոք Ֆրանսիա արտագաղթելու մասին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր։ Նա այստեղ արդեն աշխատել է՝ 1997-2007թթ․, սկզբում փոխնախարարի, ապա նախարարի պաշտոնում։ Երեկ նախարարությունում լարված մթնոլորտ էր՝ նոր «շեֆի» ու կադրային ջարդի սպասումով։ Հատկապես ոգեւորված չեն Հարությունյանի հետ աշխատած անձինք։ Անհամեմատ հանգիստ են Արփինե Հովհաննիսյանի բերածները, որոնք կարծում են, որ իրենց ձեռք չեն տա։ Բանն այն է, որ Արփինե Հովհաննիսյանին առաջ մղողներից մեկն էլ Դավիթ Հարությունյանն է եղել։ Հովհաննիսյանի հետ նույն օրը հեռացել են նրա օգնական-խորհրդականները՝ 6-7 հոգի»։


«Ժամանակ» թերթը գրում է. «Արմեն Աշոտյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի քվեարկության շուրջ նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Պարզվում է, որ ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի հետ նախապես պայմանավորված է եղել, որ քվեարկելու են բոլոր հանձնաժողովների ղեկավարների օգտին, բայց պայմանավորվածությունը խախտվել է։ Աշոտյանը ամենաքիչ ձայնն է ստացել։ Պարզվում է, սակայն, որ «Ծառուկյան» դաշինքի անդամ Արգամ Աբրահամյանը Աշոտյանի օգտին բաց է քվեարկել՝ ի ցույց բոլորի: ՀՀԿ-ականները մեկնաբանում են, որ Հովիկ Աբրահամյանն այսկերպ ՀՀԿ-ին մոտենալու քայլեր է անում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմի կրճատումները խախտել են ԱԺ անդորրը: Տարիներ ի վեր այստեղ տեղավորված մարդիկ հազար ծանոթ-բարեկամ են խառնում՝ կրճատման տակ չընկնելու համար: Օրինակ՝ նախկին նախագահ Գալուստ Սահակյանն ուներ 24 օգնական, խորհրդական, ռեֆերենտ, այժմ կմնան 6-ը: Բնականաբար, դրանց մի մասն աշխատանքի չէր գալիս, գործն անում էին պատահաբար այդտեղ հայտնվածները: Այժմ Բաբլոյանը պետք է որոշի՝ պահե՞լ կուսակիցների չաշխատող զավակներին, թե՞ ոչ: Ի դեպ, ԱԺ նախագահի օգնականներից մեկը Հայկ Բաբուխանյանի դուստրն է։ Այստեղ էին աշխատում Վարդան Այվազյանի, Մարգարիտ Եսայանի դուստրերը, Արկադի Ղուկասյանի եղբոր՝ Արեգ Ղուկասյանի որդին եւ այլք: Պատգամավորներն օգնականների հաստիքները դիտել են հարազատներին տեղավորելու միջոց․ «Ստաժը կգնա, կենսագրությունն էլ կգրվի՝ աշխատել է ԱԺ-ում»։