25.11.2024
Հունիսի 8-ին ԱԺ-ն կգումարի ևս մեկ արտահերթ նիստ
prev Նախորդ նորություն

Նաիրիտը ոտքի հանել կարող են հենց Դուք. Նաիրիտցիները դարձյալ դիմել են Սամվել Կարապետյանին

Նաիրիտցիների համակարգող խումբը նոր բաց նամակով դիմել է «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին:


Նամակում մասնավորապես ասված է.


«Չստանալով Ձեզ հասցեագրված մեր վերջին բաց նամակի պատասխանը՝ ենթադրում ենք, որ չկան մեր վախերն ու կասկածները փարատող նոր ասելիքներ և առաջարկներ։ Սակայն այժմ, չանդրադառնալով նախորդ նամակներում հնչեցված մեր կոչերին՝ թույլ տվեք դիմել Ձեզ մի նոր, առավել իրատեսական խնդրանք-առաջարկով։

Ինչպես հայտնի է, Նաիրիտ գործարանի մասնագետների կողմից 2015 թվականին կազմվել է գործարանի վերաթողարկման ծրագիր («Նաիրիտ գործարան» ՓԲԸ վիճակի գնահատումը և վերագործարկման կայուն զարգացման հնարավորությունները), որը, հավանության արժանանալով ՀՀ կառավարության կողմից, ուղարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով։ Հետագայում, ՀՀ-ում ձևավորված նոր կառավարությունը, տեղյակ չլինելով այդ ծրագրի մասին, բազմիցս բարձրաձայնել է, որ չկա արդիական և իրատեսական ծրագիր, որով հնարավոր կլինի իրականացնել գործարանի վերաթողարկումը։ Նմանատիպ հայտարարություններից հետո վերոնշյալ ծրագիրը ուղարկել ենք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին։ Մեզ հասած տեղեկություններով՝ ծրագիրը քննարկվել է տնտեսական զարգացման և ներդրումային նախարարությունում և ստացել դրական արձագանք։ Սակայն, մինչև այժմ Նաիրիտի վերագործարկման ուղղությամբ որևէ գործնական քայլ չի կատարվել։
Այս պահին գործարանում իրականացվում է գույքի վաճառք։ Նշենք, որ մինչ այժմ վաճառքի են հանվել հիմնականում այն միջոցները, որոնք չեն կիրառվում արտադրական պրոցեսում, սակայն, վերագործարկման ուղղությամբ գործնական քայլերի բացակայությունը կամ ձգձգումը կհանգեցնի անխուսափելիին՝ քիմիական գիգանտի վերջնական անկմանն ու կործանմանը: Այսպիսով, կսկսվի անմիջապես արտադրական գործընթացում օգտագործվող գույքի վաճառք, ինչի հետևանքով, նույնիսկ մեծ ցանկության պարագայում, այլևս հնարավոր չի լինի իրականացնել գործարանի վերաթողարկումը, կամ դրա վերականգնումը կլինի բավական ծախսատար։ Իսկ երբեմնի հսկան ծնկի է եկել Նաիրիտում իրականացված թալանի հանդեպ նախկին կառավարությունների կողմից անտարբերության, ինչպես նաև ոմանց անմիջական մասնակցության հետևանքով՝ դրանով խորացնելով երկրում անպատժելիության մթնոլորտը և կոռուպցիան։


Պրն․ Կարապետյան, վստահ ենք, տեղյակ եք, որ մեր տևական պայքարը շարունակվում է առայսօր, այն չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ չենք տեսնի մեր սիրելի գործարանը վերստին աշխատելիս։ Մենք վստահ ենք, որ Հայաստանի տնտեսության հենասյուն համարվող Նաիրիտը ցանկության դեպքում կարող եք ոտքի կանգնեցնել հենց Դուք։

Առաջարկում և խնդրում ենք՝ կազմակերպել քննարկում Նաիրիտի և Ձեր թիմը համալրող համապատասխան մասնագետների միջև, որի ընթացքում Նաիրիտի լավագույն մասնագետները կփորձեն հիմնավորել իրենց կողմից կազմված Նաիրիտի վերագործարկման ծրագրում նախատեսված դրույթները, ապացուցել ծրագրի արդիականությունն ու իրատեսական լինելը, որից հետո, վստահ ենք, կփոխվեն Նաիրիտ գործարանի վերաթողարկման հնարավորությունների և ընձեռնվող հեռանկարների մասին մինչ այժմ ունեցած Ձեր պատկերացումները։ Արդյունքում, չենք բացառում, որ հնարավոր է՝ շահեկան համարեք Նաիրիտի վերագործարկման հարցը ներառել Հայաստանի տնտեսության զարգացման նպատակով ստեղծված «Հայաստանի ներդրողների ակումբ» ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի ծրագրերի մեջ։ Կարծում ենք՝ Նաիրիտի վերագործարկումը կարող է դառնալ այդ ծրագրերի լավագույն նախագծերից մեկը՝ միաժամանակ լինելով թերևս այս պահի Նաիրիտի փրկության միակ ու հնարավոր ելքը։
Ուզում ենք հավատալ, որ Ձեր անունը կկապվի ոչ թե Նաիրիտի կործանման, այլ դրա վերածնման և նոր սկզբի հետ»,- ասված է հերթական նամակում։