Թուրքիան չի մասնակցի Ռաքքայի գործողությանը քրդերի պատճառով
Թուրքիան չի մասնակցի սիրիական Ռաքքայի ազատագրմանը «Իսլամական պետության» զինյալներից, եթե ԱՄՆ-ն մտադիր է գործողությանը մասնակից դարձնել նաև սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ջոկատներին (YPG): Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք քննարկել ենք ԱՄՆ այցի ժամանակ Ռաքքայի գործողությունը և տեսանք, որ ԱՄՆ-ն զգայուն է այդ հարցում: Մենք ասացինք, որ եթե քրդերի ջոկատները մասնակցեն գործողությանը, Թուրքիան չի մասնակցի: Եթե այդպիսին է ձեր որոշումը Ռաքքայի հարցում՝ ուրեմն, հաջողություն ձեզ»,-ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում արդյունաբերողների առջև, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր չէ հաշվի առնել քրդական զինված կազմավորումների՝ YPG և PYD, շահերը Սիրիայում հակամարտության կարգավորման ընթացքում:
«Թուրքիան երբեք չի ընդունի YPG և PYD շահերը տարածաշրջանում: Դա հակասում է գլոբալ համաձայնությանը, որին մենք հասել ենք: Մենք չպետք է թույլ տանք այդ խմբերին շահարկել կրոնական ու ազգային գործոնները տարածաշրջանում՝ որպես պատրվակ ընդունելով ահաբեկչության դեմ պայքարը», - հայտարարել է Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ավարտին: