Իշխող Հանրապետական կուսակցությունը դրական է գնահատում Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը, ու թեպետ քվեների հաշվարկը չի ավարտվել, ՀՀԿ-ը հայտարարում է իր հաղթանակի մասին ու ակնկալում երևանցիների վստահության 70 տոկոսը:
«Մայրաքաղաքի ավագանու ընտրությունները մարցակցային էին, բայց Հանրապետական կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի պրոֆեսիոնալիզմը, վստահությունն ու իրականացրած աշխատանքն այլընտրանք չունեին», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀԿ շտաբի ղեկավար, կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, ընտրությունները ևս մեկ անգամ վերահաստատեցին, որ «Հայաստանն ընթանում է ժողովրդավարության զարգացման ճանապարհով»: «Ընտրությունների նախնական արդյունքները տպավորիչ են, գոհացնող ու կանխատեսելի, որովհետև մենք կանխատեսում էինք, որ մեր քաղաքապետի թեկնածուն ունի շատ բարձր վարկանիշ, թիմը շատ պրոֆեսիոնալ է, կուսակցությունը կոփված է ընտրական գործընթացներում: Ուստի, մենք ակնկալում էինք մեր երևանցիների վստահության 70 տոկոսը», - պարզաբանեց Շարմազանովը:
Թեպետ ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ ամփոփված չեն, սակայն Շարմազանովի խոսքով, ձայների ճնշող մեծամասնությունը հաշվարկված է: «Կարող ենք արձանագրել, որ Երևանի ավագանու ընտրությունները եղել են մրցակցային, ժողովրդավարական, և այդ ընտրություններում համոզիչ հաջողություն է արձանագրում ՀՀԿ-ի թիմը՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ», - ասաց նա:
Միեւնույն ժամանակ նա շնոհրակալություն հայտնեց իրենց մրցակիցներին՝ «ԵԼՔ» դաշինքին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ հույս հայտնելով, որ մայրաքաղաքի ապագա ավագանին գլխավորությամբ արդյունավետ կաշխատի: «Բոլոր խնդիրներով հանդերձ՝ այս ընտրություններն արձանագրեցին մեր ժողովրդավարական բարեփոխումների անշեղ ընթացքը», - եզրափակեց Շարմազանովը:
Մայրաքաղաքում այսօր տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները, որին մասնակցում են քաղաքական երեք ուժեր՝ իշխող Հանրապետական կուսակցությունը, ընդդիմադիր «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը:
Ըստ անկախ դիտորդական առաքելությունների եւ ընդդիմադիր ուժերի դիտարկումների,Երեւանի ավագանու ընտրություններին ֆիքսվել են հետեւյալ տիպի խախտումներ: Օրինակ՝ ընտրատեղամասերում եղել են կուտակումներ, ԵԼՔ դաշինքի վստահված անձանց և դիտորդների նկատմամբ կիրառել են ճնշումներ, եղել են ընտրատեղամասեր, որտեղ քվերակության ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել դիտորդներին, ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները և անհայտ անձինք կոպտորեն խոչընդոտել են ընտրական գործընթացի նկարահանմանը։ Եղել են դեպքեր, երբ ընտրատեղամասում հայհոյել են վստահված անձին:
«Անկախ դիտորդ» քաղաքացիական նախաձեռնությունը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում մայրաքաղաքի 60 ընտրատեղամասերում, ֆիքսել է «կեղծ դիտորդների», ընտրողների ուղղորդումների դեպքեր ու ընտրատեղամասերում կուտակումներ:
Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Ելք» դաշինքի գլխավորում է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով կրկին պատգամավոր ընտրված Նիկոլ Փաշինյանը: Նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը գլխավորում եւ այդ կուսակցության քաղաքապետի թեկնածուն է նախկին պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զարուհի Փոստանջյանը:
Նշենք, որ ըստ ընտրական գործընթացը «Ռեալ Էլեքշնս» հարթակի, որն դիտորդների հայտնած տվյալներով ներկայացնում է ընտրությունների արդյունքները, ժամը 0:06-ի տվյալներով՝ «Ելք» դաշինքը ստացել է ձայների 21.07 տոկոսը, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 7.82 տոկոսը, Հանրապետական կուսակցությունը՝ 68.7 տոկոսը, իսկ անվավեր քվեաթերթիկները 2.41 տոկոս են կազմում։