Սիրիայի քրդերին զինելը վնասում է Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններին. Էրդողան
Սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերին (YPG) ամերիկյան զենքի մատակարարումները վնասում են Անկարայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական համագործակցությանը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Հիշեցնենք, որ անցած երեքշաբթի հայտտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է սիրիացի քրդերին զենք մատակարարելու ծրագիրը, ինչն առաջացրել է պաշտոնական Անկարայի դժգոհությունը:
«Մենք ցանկանում ենք մի քանի հարց պարզել, որոնք վաղուց գոյություն ունեն. օրինակ՝ ԱՄՆ-ի կողմից YPG-ին զենքի մատակարարումները: Դա վնասում է մեր ռազմավարական հարաբերություններին, Թրամփի հետ հանդիպմանը կխոսեմ այդ մասին: Մենք դա չենք ցանկանում: Ահաբեկչական խմբավորմանը մեկ այլ ահաբեկչական խմբավորման օգնությամբ ոչնչացնելն իդեալական քաղաքականություն չէ»,- ասել է Էրդողանն Անկարայում կայացած մամուլի ասուլիսին:
Նա նաև նշել է, որ YPG-ն սպառնում է Թուրքիայի անվտանգությանը, որն «առավել արդյունավետ կերպով պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ»։