Ստեփանակերտում զորահանդես է կայացել. ցուցադրվել են տարբեր զինտեխնիկաներ
Ֆոտո՝ Photolure
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մայիսի 9-ին կայացել է զորահանդես եւ բարձրագույն պաշտոնատար այրերի հանդիսավոր քայլերթ՝ նվիրված Հաղթանակի եւ խաղաղության տոնին։ Քայլերթին մասնակցել են Արցախում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ացախի Հանրապետության նախկին և ներկա նախագահները՝ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, երկու երկրների ազգային ժողովների նախագահները:
Նրանք Արցախի մայրաքաղաքի Վերածնունդի հրապարակից քայլերթով շարժվեցին դեպի Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակներ դրեցին Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին և Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին, ինչին հաջորդեց հանդիսավոր երթը:
Ստեփանակերտում դեռ մայիսի 8-ից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական, զինվորական և հոգևոր վերնախավի մասնակցությամբ մեկնարկել էին մայիսյան Եռատոնի տոնակատարությունը: Լեռնային Ղարաբաղում նշում են Պաշտպանության բանակի ստեղծման ու Շուշիի ազատագրման 25-ամյակը և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 72-ամյակը:
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մայիսի 9-ին վաղ առավոտից տարբեր զինատեսակների ցուցադրություն է կայացել։ Արցախի բնակիչներն ու հյուրերը դիտել են զինատեսակները, լուսանկարահանվել։ Կայացել է նաեւ հանդիսավոր զորահանդես, որին հետեւել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, այլ պաշտոնատար անձինք, հոգեւորականներ, հայտնի անձինք։
Այս պահին մայրաքաղաքի հրապարակը մարդաշատ է: Հրապարակում ցուցադրված են տարբեր զինտեխնիկաներ, այդ թվում նաև ծանր զինտեխնիկա, ՀՕՊ զինատեսակներ և Տ-72 տանկ:
Հիշեցնեք, որ մայիսի 8-ին էլ Ստեփանակերտին հարակից բարձարվանդակներից մեկում տեղադրվել է 50 մ բարձրություն ունեցող և 17 տոննա կշռող խաչը, որի բացման արարողությունը տեղի է ունեցել նույն օրը: Խաչը տեսանելի է ամբողջ Ստեփանակերտից: