Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որն այս օրերին աշխատանքային այցով գտնվում է Արցախում՝ մայիսի 8-9-ը Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու համար, հանդես է եկել ուղերձով՝ Մայիսի 9-ի Հաղթանակի եվ խաղաղության տոնի առթիվ:
Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, ուղերձում Սերժ Սարգսյանն առաջին հերթին շնորհավորել է «մեր վետերաններին, որոնց շարքերը, ցավոք, տարեցտարի նոսրանում են»: «Այսօր մեզ համար գեղեցիկ առիթ է արտահայտելու մեր մեծագույն հարգանքն ու հիացմունքը նրանց հանդեպ: Նաև առիթ է արտահայտելու մեր երախտագիտությունն այն հերոսական սերնդի նկատմամբ, որն անցավ գերմարդկային փորձությունների միջով և մեր երկրի համար ապահովեց խաղաղ աշխատանքի և զարգացման հեռանկար», - ասել է նախագահը:
Երկրորդ աշխարհամարտը, նախագահի խոսքով, ծանր քննություն էր աշխարհի բազում ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի համար: «Թե՛ մեր ռազմիկները կռվի դաշտում, թե՛ մեր աշխատավորները թիկունք դարձած Հայաստանում, թե՛ մեր հայրենակիցները սփյուռքում պատվով բռնեցին այդ քննությունը: Դա մեզ համար իրապես դարձավ Հայրենական մեծ պատերազմ: Մենք աշխատեցինք մեր ուժերի չափով, իսկ երբեմն մեր ուժերից վեր սխրանքներ գործեցինք՝ մոտեցնելով հաղթանակն ու բաղձալի խաղաղությունը», - ասել է նա:
Միեւնույն ժամանակ նա 1945 թ-ի Երկրորդ աշխարհամարտում հաղթանակը կապել է 1992 թվականի Շուշիի ազատագրման գրոծողության հետ:
«1992 թվականի մայիսի 9-ից հետո այս տարեթիվը մեր ժողովրդի համար ձեռք է բերել կրկնակի իմաստ: Շուշիի ազատագրումով ոչ միայն Ստեփանակերտը, այլև Արցախի ողջ ժողովուրդը փրկվեց ֆիզիկական բնաջնջումից: Հայ ռազմիկների այս մեծագործությունը և դրա ամբողջական պատմական նշանակությունն այնքան ընդգրկուն են, որ դեռ շարունակելու են գնահատվել և վերլուծվել ուսումնասիրողների կողմից: Մի բան պարզ էր 1992 թվականի մայիսի 9-ին և պարզ է այսօր. մենք մեր կյանքն ու ազատությունը, մեր իրավունքներն ու արժանապատվությունը չենք պատրաստվում զոհաբերել և չենք զոհաբերելու», - ասել է նա:
Կրկին անգամ շնորհավորելով Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ՝ Նախագահը նաեւ նշել է, որ Սա մարդատյաց քարոզչության և բռնության դեմ պայքարի ելածների և այդ պայքարում հաղթած հերոսների տոնն է: «Անմահները մեր շարքերում են, և սա բոլորիս տոնն է: Մաղթում եմ խաղաղություն և ստեղծարար աշխատանք», - եզրափակել է նա: