24.11.2024
Արցախի ՊԲ. Պատասխան գործողություններով ճնշվել է հակառակորդի նախահարձակ ակտիվությունը
prev Նախորդ նորություն

«Հայ-ռուսական միացյալ զորախումբը ՀՀ հրամանատարության տակ է և միջամտելու է ցանկացած վտանգի»

Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Անդրանիկ Մակարյան, Ֆոտո՝ Sputnik
Հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Անդրանիկ Մակարյան, Ֆոտո՝ Sputnik

«Հայ-ռուսական միացյալ զորախումբը միջամտելու է ցանկացած վտանգի դեպքում և սպասելու, հապաղելու իրավունք չունի: Հայ-ռուսական միացյալ զորամիավորումը թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակ լինելու է հայկական կողմի հրամանատարության ներքո», - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Անդրանիկ Մակարյանը։


Ի պատասխան լրագրողի հարցին հարցին՝ «Վլադիմիր Պուտինը չի՞ կարող ձեզ ասել՝ մի գրոհեք», գեներալ-մայորն ասել է՝ «չի կարող»։


Մակարյանն ասել է, որ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման խնդիրն է հետ մղել Հայաստանի համար արտաքին սպառնալիքը: Հրամանատարը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի միացյալ խմբավորման հրամանատարը և´ խաղաղ, և´ պատերազմական ժամանակ նշանակվում է ՀՀ զինված ուժերի կազմից, հայտնում է armtimes.com-ը։


«Զեկուցում եմ ձեզ՝ համաձայն հայ-ռուսական համատեղ համաձայնագրի, որը ստորագրվել է 2016 թ. նոյեմբերի 30-ին, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է ՀՀ ԶՈւ զինծառայողների կազմից։ Հրամանատարը նշանակվում և ազատվում է ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանագրով՝ համաձայնեցնելով այն ՌԴ գերագույն գլխավոր հրամանատարի հետ», - ասել է Անդրանիկ Մակարյանն՝ ընդգծելով, որ զորամիավորումը գործելու է միայն ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով։


Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք վստահություն կա, որ ռուսական բազան կենթարկվի հրամանին, գեներալն ասել է, թե ռազմական գործում կա «ասված է` արված է» արտահայտությունը: «Բոլորը պետք է կատարեն փաստաթղթերում արձանագրված պարտականությունները: Կարող եք չկասկածել»,-հավելել է Մակարյանը:


Նախկինում 4-րդ բանակային կորպուսը ղեկավարած Մակարյանը հնարավոր համարեց, որ Ղարաբաղում ևս հայ-ռուսական միացյալ զորամիավորումը կարող է խնդիրներ լուծել, ընդգծելով՝ այդ հարցում վերջնական հստակություն չկա․ - «Քաղաքական տեսանկյունից այդ հարցը գտնվում է անորոշության մեջ, բայց կրկնում եմ` տարածաշրջանը դա այն է, որտեղից մեր սահմաններին վտանգ է սպառնում: Եթե վտանգ կլինի նույնիսկ այդ ուղղությամբ` միանշանակ մենք սպասելու, մտածելու բարոյական իրավունքը չունենք, մենք պիտի ընդամենը գործենք»:


Հայ-ռուսական միացյալ զորամիավորման մասին պայմանագիրը նախորդ տարվա նոյեմբերին Մոսկվայում ստորագրեցին Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանն ու Սերգեյ Շոյգուն: Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ միացյալ զորամիավորման կազմում կընդգրկվեն Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան և հայաստանյան ռազմական ստորաբաժանումներ, հայտնում է Ազատությունը:


Բարձրաստիճան հայ զինվորականը վստահ է՝ անհրաժեշտության դեպքում ռուսական ուժերը ենթարկվելու են իր հրամաններին․ - «Բոլորը պարտավոր են կատարելու այն բոլոր խնդիրները, որը գրված է իրենց բոլոր հրամաններում և հրահանգների մեջ: Կարող եք դրա մասին ընդհանրապես չկասկածել»:


Գեներալ-մայոր Մակարյանից այսօր փորձեցինք պարզել՝ անհրաժեշտության դեպքում արդյոք ռուսական կողմն ունի հնարավորություն` օգտագործել այս զորամիավորումը Հայաստանից դուրս՝ օրինակ Սիրիայում:


«Հնարավորությունը Ռուսաստանը միշտ էլ ունի՝ բոլոր տեսակի հնարավորությունները: Կոնկրետ մեր մասին խոսք առայժմ չկա: Մենք նման հանձնարարություն և կանոնակարգով նման բան չկա գրված: Միայն գրված է` տարածաշրջանում, այսինքն` Հայաստանի Հանրապետության տարածքում, այնտեղ, որտեղ մեզ վտանգ կարող է սպառնալ: Զորքերի ուժերի միացյալ խմբավորումը նախատեսված է տարածաշրջանում անվտանգության ապահովման համար: Դա նշանակում է Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներում», - պատասխանեց նա:


Միացյալ զորամիավորման հրամանատարը նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում հայկական զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով զորամիավորումը կարող է պատասխանել նաև թուրքական կողմից եկող վտանգներին․ - «Միացյալ խմբավորման մեծ խնդիրներից մեկը կայանում է հենց՝ որպեսզի հատկապես հայ-թուրքական ուղղությամբ սպառնացող վտանգի դեպքում հայ-ռուսական համատեղ միացյալ զորախմբի ուժերով իրականցնել այդ ուղղությամբ պաշտպանության մարտական խնդիրները»:


Գեներալ-մայորը անդրադարձավ նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի նշանակմանը: Ըստ Մակարյանի՝ Խաչատուրովի նշանակումից հետո Ռուսաստանի գլխավորած ռազմական դաշինքից կարելի է ավելին ակնկալել․ - «Ինքը հայազգի է, հայ զորահրամանատար, որի երակներում եռում է հայի և առավել ևս Հայոց բանակի գեներալի արյունը: Միանշանակ պետք է սպասենք լավը»: