Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից, ինձ չի հետաքրքրում բացատրություններ. Փաշինյան
Լուսանկարը` primeminister.am
Հայաստանցի աշակերտների գրանցած ցածր ցուցանիշները PISA 2025 միջազգային ստուգատեսում հարուցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը՝ կառավարության նիստում հանգեցնելով կրթական համակարգում արմատական մաքրումների պահանջի:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ 2026 թվականի սեպտեմբերին հրապարակած զեկույցի համաձայն՝ Հայաստանի 15-ամյա պատանիները զիջում են ՏՀԶԿ միջին և տարածաշրջանային ցուցանիշներին։
Շուրջ 7000 մասնակիցների արդյունքներով՝ Հայաստանը 74-րդն է մաթեմատիկայից, 79-րդը՝ բնագիտությունից և 80-րդը՝ ընթերցանությունից։ Աշակերտների 81 տոկոսը չի հաղթահարել ֆունկցիոնալ գրագիտության բազային շեմը՝ դժվարանալով ընկալել տեքստերի իմաստը, թեև սովորողների գրեթե կեսը շաբաթական առնվազն մեկ անգամ կիրառում է արհեստական բանականության գործիքներ:
Սեպտեմբերի 11-ի գործադիրի նիստում Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակը վերագրեց նախկին կառավարման արատավոր բարքերին և կադրային լուրջ խնդիրներին։ «Մենք այդ գրագիտության պակասը ամեն օր տեսնում ենք․․․ Մենք գլոբալ խնդիր ունենք իմանալու՝ ինչ է պետությունը, հասարակությունը, տնտեսությունը», — ընդգծել է վարչապետը։ Նա նախկին իշխանություններին մեղադրել է դպրոցներն ընտրակեղծարարության և կոռուպցիայի հարթակի վերածելու մեջ՝ պահանջելով անհապաղ ազատվել անորակ կադրերից։
«Տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից։ Ինձ չի հետաքրքրում բացատրություններ, այդ ամբողջ մասային պետք է դուրս հանել», — հայտարարել է Փաշինյանը։
Վարչապետը հավելել է, որ հենց համակարգային այս ճգնաժամով են արդարացվում հարյուրավոր նոր դպրոցների կառուցման և ուսուցիչների պարտադիր ատեստավորման կառավարական ծրագրերը։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր հերթին հստակեցրել է, որ այս թվերը զուտ ելակետային են, քանի որ թեստավորումն իրականացվել է հին չափորոշիչներով սովորած աշակերտների շրջանում։ Գերատեսչությունն ակնկալում է, որ ներկայումս իրականացվող համալիր բարեփոխումների իրական պատկերը տեսանելի կլինի միայն PISA 2029-ի արդյունքներում։