COP17-ի անխափան էլեկտրամատակարարում ապահովելու նպատակով ՀԷՑ-ի ենթակայանը արդիականացվեց
«ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է ՀԷՑ-ի «Կենտրոնական» 110/35/6 կՎ և նոր կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ ենթակայաններ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Այդ մասին հայտնում են ՀԷՑ-ից:
Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացման և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումների ընթացքում անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու նպատակով Երևանում կառուցվող նոր տեսակի մոդուլային «Նորագյուղ» 35/6 կՎ ենթակայանի աշխատանքներն ավարտին են մոտենում։ Ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր ենթակայանի կառուցման համար նախատեսված բոլոր սարքավորումներն ու նյութատեխնիկական ապրանքները ներկրվել են արտերկրից։
Ծրագիրը ներառում է նաև 5 նոր ցածր լարման 5000 կՎԱ դրվածքային հզորությամբ ենթակայանների ստեղծում, որոնցից երեքն արդեն պատրաստ են գործարկման։ Կառուցվող ենթակայանը կնպաստի նաև Կենտրոն վարչական շրջանի էներգահամակարգի և բնակիչներին մատակարարվող էլեկտրաէներգիայի որակի զգալի բարելավմանը: «Նորագյուղ» ենթակայանից հետագայում նախատեսված է ապահովել նաև Երևանի առաջիկա կառուցապատման ծրագրերով պլանավորված Նորագյուղ թաղամասի էլեկտրամատակարումը, որտեղ ներկա պահին կառուցված չէ էլեկտրաէներգիայի ապահովման համար անհրաժեշտ որևէ էներգետիկ ենթակառուցվածք։
COP17 միջոցառումների ընթացքում անհրաժեշտ էլեկտրամատակարման անխափան սնուցումը երաշխավորելու նպատակով ՀԷՑ-ի «Կենտրոնական» 110/35/6 կՎ ենթակայանում ևս իրականացվել են լայնածավալ վերազինման և արդիականացման աշխատանքներ։ Մասնավորապես, տեղադրվել է 3-րդ՝ 63 ՄՎԱ հզորությամբ տրանսֆորմատորը, ինչպես նաև ավելացվել է 3-րդ 6 կՎ սեկցիան։ Գործող երկու տրանսֆորմատորների հզորությունը չէր բավարարում, քանի որ դրանք ծանրաբեռնված էին 80-85%-ով և վթարային իրավիճակների դեպքում ամբողջ համակարգը կաթվածահար էր լինում: Նոր 3-րդ տրանսֆորմատորի ավելացումը նպաստում է այս համակարգային խնդրի լուծմանը: «Կենտրոնական» ենթակայանից անցկացվել են ընդհանուր 1.2 կմ երկարությամբ 35 կՎ լարման օդային և մալուխային գծեր դեպի «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայան, տարածքում գտնվող բոլոր էներգետիկ ենթակառուցվածքներն արդիականացվել են։ Աշխատանքները ներառում են նաև տասնյակ կմ երկարությամբ 6 կՎ ուժային մալուխագծերի կառուցում և նոր ենթակայանների մոնտաժում։
ՀԷՑ-ի նախաձեռնությամբ իրականացվող էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացմանը միտված այս ծրագիրն աննախադեպ է իր մասշտաբներով, քանի որ միայն այս ներդրումային ծրագրով Հայաստանում ոչ միայն առաջին անգամ կառուցվում է եվրոպական ստանդարտներին համապատասխան նոր ենթակայան և վերազինվում է գործող ենթակառուցվածքը, այլև շատ կարճ ժամանակահատվածում կատարվում են մեծ ռեսուրս պահանջող աշխատանքներ։
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ։
«ՀԷՑ-ի կողմից իրականացվող էներգահամակարգի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերի հիմնական նպատակը նոր նշաձող սահմանելն է՝ ոչ միայն մեր բաժանորդներին առավել կայուն ու հուսալի էլեկտրամատակարարում ապահովելու տեսանկյունից, այլև համաշխարհային նշանակություն ունեցող մասշտաբային բնապահպանական միջոցառման պատշաճ անցկացումը Հայաստանում կազմակերպելու համար՝ ժամանակակից չափորոշիչներին համապատասխան էներգահամակարգ ստեղծելու միջոցով»,- նշել է Ռոմանոս Պետրոսյանը։