ԵՄ-ն Հայաստանի վիզաների ազատականացման գործընթացում գրանցել է դրական գնահատական
Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը շարունակվում է բնականոն հունով։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Նախարարը նշել է, որ երկխոսությունը մեկնարկել է, որից հետո ստացվել է գործողությունների ծրագիրը՝ հստակ սահմանված ակնկալիքներով։ Այժմ իրականացվում են կոնկրետ միջոցառումներ, իսկ եվրոպական կողմը պարբերաբար իրականացնում է գնահատման առաքելություններ՝ հետևելու պլանի կատարման ընթացքին։
Առաջին առաջընթացի զեկույցը եվրոպացի գործընկերների կողմից գնահատվել է որպես շատ դրական. «Արձանագրվել է նախադեպը չունեցող գնահատական։ Հայաստանն առաջանցիկ տեմպերով է ապահովել կատարողականը՝ հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և սահմանների համալիր կառավարման ուղղությամբ։ Մյուս բաղադրիչներում աշխատանքը նույնպես ընդհանուր առմամբ դրական է գնահատվել»։
Սարգսյանը շեշտել է, որ նոյեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի պլանը ամբողջությամբ կկատարվի. «Հնարավոր է սեղմ ժամկետներում հասնել վիզաների ազատականացման։ 2029 թվականը կառավարության քաղաքական թիրախն է՝ ապահովելու ծրագրով նախատեսված բոլոր գործողությունների կատարումը, որից հետո որոշումը կմնա ԵՄ-ի դաշտում»։
Բիոմետրիկ համակարգը պատրաստ կլինի նոյեմբերի 1-ին։ 2029 թվականը կապված է սահմանների համալիր կառավարման բաղադրիչի հետ, որը ներառում է բազմաթիվ շերտեր՝ կադրերի պատրաստումից մինչև ֆիզիկական և թվային ենթակառուցվածքներ։
Անդրադառնալով ԵՄ ներկայացուցչի այն հայտարարությանը, թե ժամկետների մասին խոսելը դեռ վաղ է, նախարարը նշել է. «Նրա խոսքերը մանիպուլյատիվ ձևով են շրջանառվել հանրային տիրույթում։ Խոսնակը որևէ կերպ չի ժխտել Հայաստանի հետ երկխոսության փաստը։ Որպես վարչական պաշտոնյա նա պարզապես ընդգծել է, որ կոնկրետ ժամկետներ նշելը դեռ վաղ է, միաժամանակ հաստատելով, որ հարաբերությունները շարունակում են սերտանալ և գործընթացը տրամաբանորեն առաջ է շարժվում»: