Թրամփն ու Պուտինը քննարկել են սիրիական հակամարտությունը և անձնական հանդիպման հեռանկարը
Դոնալդ Թրամփ և Վլադիմիր Պուտին, կոլաժ՝ ՏԱՍՍ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը այսօր հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են միջպետական մի շարք հարցեր, որոնց թվում է եղել նաև Համբուրգում կայանալիք «G20» գագաթնաժողովի ժամանակ հանդիպում կազմակերպելը, հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը կողմ են արտահայտվել հեռախոսային կապի պահպանմանը, ինչպես նաեւ հուլիսի 7-8-ը Համբուրգում կայանալիք «G20»-ի գագաթնաժողովին հանդիպում կազմակերպելուն»,-նշվում է պաշտոնական հաղորդագրությունում։ Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են ակտիվացնել շփումները ԱՄՆ եւ Ռուսաստանի ԱԳ ղեկավարների միջեւ։ «Նպատակն է ստեղծել նախադրյալներ Սիրիայում կարգավորման իրական գործընթացի մեկնարկի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցության արդիական հարցերը, այդ թվում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի գործողությունների համակարգման հեռանկարները ՝ ահաբեկչության դեմ պայքարում՝ սիրիական ճգնաժամի համատեքստում, Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի սրումը: «Մանրակրկիտ քննարկվել է Կորեական թերակղզու իրավիճակը։ Վլադիմիր Պուտինը զսպվածության ու լարվածության նվազեցման կոչ է արել», - ասված է մամուլի հաղոդագրության մեջ:
Սպիտակ տունը նախագահների հեռախոսազրույցը որակել են «շատ լավ»։ Ամերիկյան կողմի խոսքով, առաջնորդները քննարկել են Սիրիայում ամուր խաղաղություն ապահովելու համար «դեէսկալացիայի անվտանգ գոտիների» ստեղծումը, ահաբեկչության դեմ պայքարը «ամբողջ Մերձավոր արեւելքում» ու այն, թե «ինչպես կարելի է լավագույն ձեւով լուծել Հյուսիսային Կորեայի շուրջ շատ վտանգավոր իրավիճակը»։
Միևնույն ժամանակ Սպիտակ տնից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ թեպետ Թրամփն ու Պուտինը քննարկել են անձնական հանդիպման հեռանկարը, սակայն ոչ մի կենկրետ պայմանավորվածության չեն հանգել: «Այդ թեման քննարկվել է, սակայն կողմերը ոչ մի պարտավորություն չեն վերցրել իրենց վրա», - գրում է ՏԱՍՍ-ը: