24.11.2024
Դեսպան. Ֆրանսիայի համար կարևոր է հայ-թուրքական տնտեսական կապերի զարգացումը
prev Նախորդ նորություն

Հրաչյա Հարությունյանին տալիս են, Պերմյակովին՝ տանո՞ւմ. Քննարկումների փուլ է

Քննարկվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուսական թիվ 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը:


ՀՀ արդարադատության նախարարությունից VERELQ-ին փոխանցեցին, որ ներկայումս քննարկվում է Պերմյակովի պատժի կրման կազմակերպման հարցը, քանի որ և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի  դատարանների կողմից նրա վերաբերյալ վճիռներ կան:


Նախարարությունում չեն բացառել, որ Պերմյակովին կարող են փոխանցել ռուսական կողմին:


Վալերի Պերմյակովը, նշենք, գտնվում է ռուսական ռազմաբազայում, քանի որ պատժի կրման վայրը մինչ այժմ հստակեցված չէ:


Նշենք, որ Վալերի Պերմյակովի պատժի կրման հարցի քննարկումը զուգադիպեց Հրաչյա Հարությունյանին Հայաստան արտահանձնելու լուրի հետ: Օրերս VERELQ-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը տեղեկացրել էր, որ Հարությունյանը կփոխանցվի Հայաստան: Մեզ հետ զրույցում նախարարությունից փոխանցեցին, որ ժամկետը դեռ հստակեցված չէ՝ դատական վճիռը չի կայացվել:


Հայաստանում վաղուց են շրջանառվում այն լուրերը, թե Պերմյակովին կփոխանակեն Հարությունյանի հետ՝ վերջինս պատիժը կկրի Հայաստանում, իսկ Ավետիսյանների ընտանիքը վերացրած մարդասպանը՝ Ռուսաստանում:


Հիշեցնենք, Հրաչյա Հարությունյանը ներկայումս Ռուսաստանի Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում կրում է պատիժը՝ 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկումը:


Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Հետաքննությունը պարզել էր, որ բեռնատարը հարկ եղածի պես չի սպասարկվել, ինչի հետեւանքով արգելակման հետ կապված խնդիրներ է ունեցել և Հարությունյանը պետք է իմանար այդ մասին: Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի եւ 9 ամիս ժամկետով ազատազրկման: Վճիռը հրապարակելուց հետո մեկնարկեց Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման հարցը, որը մտել է վերջնական փուլ: