Դեսպան. Ֆրանսիայի համար կարևոր է հայ-թուրքական տնտեսական կապերի զարգացումը
Ֆրանսիայի համար կարևոր է Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում տնտեսական կապերի զարգացումը: Այս մասին Երևանում անցկացվող Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպմանը հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նշենք, որ հանդիպման նպատակն է սատարել ձեռնարկատիրական էկոհամակարգերի ստեղծմանը, կապ ստեղծել Թուրքիայի և Հայաստանի ներդրողների և ձեռնարկատերերի միջև՝ ուշադրության կենտրոնում պահելով առևտրատնտեսական հարաբերությունները:
Ֆրանսիայի դեսպանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների առաջնահերթություններից պետք է լինի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը:
Հայաստան-Թուրքիա ներդրողների հանդիպման միջոցառման կազմակերպիչներից Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) ղեկավար Սեդա Մուրադյանն իր խոսքում նշել է, որ նախաձեռնության նպատակն է աջակցել նրանց, ովքեր պատրաստակամ են զարգացնել ստարտափերի և ներդրումների էկոհամակարգը Հայաստանում՝ ստեղծելով «հրեշտակ ներդրողների» ցանց: Հրեշտակների անվան տակ հանդես են գալու այն մեծահարուստ անհատները, ովքեր զարգանալու ներուժ ունեցող ստարտափերին ֆինանսական միջոցներ են առաջարկում և սկսնակների համար ֆինանսական կապիտալի բավական կարևոր աղբյուր են:
Բանախոսը նշել է, որ հրեշտակներից շատերը չեն հանրայնացնում իրենց գործունեությունը, նրանց հետ կապ հաստատելը նաև պաշտոնական մակարդակում շատ բարդ է: Իսկ այսօրվա միջոցառման միջոցով իրենք հարթակ են ստեղծում այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են օգնել այստեղ ստարտափերի կայացմանը:
«Նմանատիպ ցանցերի հաջողված օրինակներ կան աշխարհում, և մեր նպատակն է ներդնել այս կոնցեպտը Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև՝ խթանել երկու երկրների հրեշտակների համագործակցությունը և հնարավոր համատեղ ծրագրերի իրականացումը»,- հավելեց Սեդա Մուրադյանը: