Ձերբակալվել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգողը
Նախօրեին Երևանում ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից հատկացված դրամաշնորհների առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակություն կատարելու կասկածանքով 2017 թվականի ապրիլի 26-ին ձերբակալվել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի համակարգող Մարինե Պապյանը:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտմամբ, դրանք իրենց համակցության մեջ վերլուծությամբ եւ համատեղ գնահատմամբ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դրամաշնորհային ծրագրերի իրականացման համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության, հափշտակությանն օժանդակելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել 13 անձ՝ Տիգրան Սուքիասյանը, Գեւորգ Ղազարյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Արմեն Բարեղամյանը, Անահիտ Ավագյանը, Սերգեյ Բալասանյանը, Դինա Մանուկյանը, Կարեն Ստեփանյանը, Թերեզա Դիլանյանը, Ալեքսանդր Պողոսյանը, ինչպես նաեւ Հրայր Գյոնջյանը, Գարիկ Չիլինգարյանը եւ Գեղամ Պետրոսյանը։ Վերջին երեք անձի՝ Գյոնջյանի, Գարիկ Չիլինգարյանի եւ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: