VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ նախօրեին հանդիպել են ՀՅԴ բյուրոյի պատասխանատու Հրանտ Մարգարյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը: Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը եւ ՀՅԴ-ի պորտֆելները: Վարչապետը Մարգարյանին առաջարկել է ներկայացնել երեք երիտասարդի, որոնց ՀՅԴ-ն կարող է առաջարկել կուսակցության կողմից: Վարչապետի պահվածքը զայրացրել է Հրանտ Մարգարյանին, եւ վերջինս Կարեն Կարապետյանին հիշեցրել է, որ Դաշնակցությունն իր «Գազպրոմ»-ը չէ, որ ինչ ուզի եւ ինչպես ուզի անի: Խոսակցությունը հենց այս լարված մթնոլորտում էլ ավարտվել է»:
«Ժամանակ» թերթին հասած տեղեկություններով՝ Իշխան Զաքարյանը չի լինելու ԱԺ փոխնախագահ: Նա լինելու է շարքային պատգամավոր: Գագիկ Ծառուկյանը ներկա պահին շատ քիչ մարդկանց է իր թիմակից համարում: Ծառուկյանի մոտ բուռն քննարկումները՝ ԱԺ գնացող պատգամավորների շուրջ դեռ շարունակվում են։ Ըստ տեղեկությունների՝ ԲՀԿ առաջնորդի համար ոչ մի կարեւորություն չունի՝ ռեյտինգային թեկնածուներից ով որքան ձայն է ստացել, ով որ տեղն է զբաղեցրել համամասնական ցուցակում։ Նախընտրական շրջանում քարոզչական ամբողջ ծախսերը հոգացել է Ծառուկյանը, դրա համար էլ սեփական հայեցողությամբ է կազմում ԱԺ գնացողների ցուցակը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ մեր աղբյուրները տեղեկացնում են, որ ոչ առաջիկա, ոչ էլ հաջորդ շաբաթ տեղի ունենալիք ԳՄ նիստերում չի քննարկվի ԱԺ ապագա պորտֆելների հարցը. «Ինչպես նախորդ ԱԺ գումարումներին, այս անգամ եւս 3, մաքսիմում 4 օր առաջ կասվի, թե ովքեր կլինեն ԱԺ նախագահն ու փոխնախագահները»: Ի դեպ, արդեն երկրորդ ԳՄ-ն է, ինչ ԱԺ նախագահի պոտենցիալ թեկնածու Կարեն Կարապետյանը չի մասնակցում այդ նիստերին։ «Հայաստանում չէ, կգա թերեւս այդ օրերին»,- տեղեկացրեց նույն աղբյուրը: Ինչ վերաբերում է փոխնախագահներին, ապա կոալիցիոն օրակարգում է մեկ թեկնածու ՀՀԿ-ից, մեկը` ՀՅԴ-ից. «ՀՅԴ-ից ամենահավանական թեկնածուն Աղվան Վարդանյանն է: Իհարկե, կարելի էր կարծել, որ Արմեն Ռուստամյանն է լինելու՝ որպես ՀՅԴ ցուցակը ղեկավարող, բայց, ինչպես կատակում ենք պառլամենտում, Արմենի փողկապն ու կոստյումը միշտ պատրաստ են ԵԽԽՎ նիստերի մեկնելու համար. սիրում է «պոեզդկաներ», ինքն էլ հրաժարվում է եւ գործադիր, եւ օրենսդիր պաշտոններից, ուստի ՀՅԴ-ին փոխնախագահի պորտֆել տրվելու դեպքում այն կստանձնի Աղվան Վարդանյանը: Ինչ վերաբերում է մինչ այս շրջանառվող Արծվիկ Մինասյանի թեկնածությանը, ապա նա իրեն այլեւս գործադիրում է տեսնում եւ նախընտրում է հեռվից «կարոտել» պառլամենտը»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր վերընտրված Սամվել Ալեքսանյանը որոշել է վարձահատույց լինել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներին՝ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն տված 42 հազարից ավելի ձայների համար: Ալեքսանյանի որոշմամբ՝ իր ընտանիքին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի այն աշխատակիցները, որոնք Մալաթիայի բնակիչներ չեն, առաջիկայում կազատվեն աշխատանքից: Armtimes.com-ի տեղեկություններով՝ նրանց փոխարեն «Սիթիներ»-ում աշխատանքի կանցնեն բացառապես Սամվել Ալեքսանյանի հայրենի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի բնակիչները»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ ԱԳՆ-ն վերջերս տեղեկանք է տրամադրել հանցանք կատարելու համար հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն՝ «հիմնավորելով», թե նա իրավունք ունի դուրս գալ երկրից, եւ այդպես քաղաքացին փորձել է հայտնվել ԱՄՆ-ում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այդ քաղաքացին Երեւանի բնակիչ Արսեն Հակոբյանն է եղել, որը հետախուզման մեջ է գտնվել ՌԴ իրավապահ մարմինների կողմից՝ գողություն կատարելու մեղադրանքով: Հայաստանում հայտնվելուց հետո նա 2016 թվականի օգոստոսին ԱԳՆ-ից կարողացել է փաստաթուղթ ստանալ, որ իբր հետախուզման մեջ չէ, եւ ճողոպրել է: Իսկ թե արտաքին գործերի նախարարության կոնկրետ որ աշխատակցից ինչպես է Արսեն Հակոբյանը տեղեկանք ձեռք բերել, այդպես էլ քննչական մարմինները գաղտնի են պահում»:
«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիական համասարանի ուսանողներից մեկը Ֆրանսիայի «Մեծ Արեւելք» մասոնական օթյակի Մեծ վարպետ Քրիստոֆ Հաբբասից հետաքրքրվեց՝ ի՞նչ սկզբունքով են մարդիկ դառնում ֆրանկոմասոն: «Մեր կազմակերպության անդամները պետք է իմանան բոլոր ծեսերը, մասնակցեն մեր պատարագներին, դավանեն մեր որդեգրած արժեքները: Նաեւ ունենք հաղորդակցության որոշակի կոդեր, որոնք պետք է ընդունել, եւ անպայման իմանալ մեր պատմությունը, քանի որ հինավուրց կազմակերպություն ենք: Ամենակարեւորը՝ մեր գաղափարախոսության առանցքում մարդն է, դա եւս պետք է գիտակցել... Այս բոլորից հետո այն մարդը, որ ցանկանում է մեր օթյակի անդամ դառնալ, հանդիպում է օթյակի նախագահին, զրուցում նրա հետ տարբեր թեմաներով: Օթյակի 3 անդամ շարունակում են հետաքրքրվել, թե ով է նա: Եվ երբ բոլոր «թեստերը» հաղթահարում է, քվեարկության արդյունքում ընտրվում է թեկնածուն»,-պարզաբանեց Քրիստոֆ Հաբբասը»:
«Փաստի» աղբյուրների տվյալներով` ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը, ամենայն հավանականությամբ չի ընդգրկվելու նոր կառավարության կազմում: Նա արդեն իր աշխատասենյակի իրերն է հավաքում: Աղբյուրի հավաստմամբ` Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար կնշանակվի Դավիթ Հարությունյանի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը, ով կառավարություն էր եկել «Գազպրոմ Արմենիայից»: Ինչ մնում է Դավիթ Հարությունյանին, ապա նա չի կարող դառնալ ԱԺ պատգամավոր այն պարզ պատճառով, որ անունն ընդգրկված չէ ՀՀԿ համապետական ցուցակում: Իշխանությունները դեռ չեն որոշել, թե նա այս անգամ որ պաշտոնում է «հանգրվանելու»: Վերջնականապես որոշվել է. Էդուարդ Շարմազանովը կդառնա ԱԺ նախագահ Երկար «կոնսուլտացիաներից» հետո ՀՀ նախագահն ու վարչապետը ընդհանուր հայտարարի են եկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նոր կադր նշանակելու հարցում: Ինչպես արդեն նշել էինք, քննարկվում էին Ֆելիքս Ցոլակյանի, «Տաշիրի» Կարեն Կարապետյանի և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի թեկնածությունները: Խորհրդակցությունների արդյունքում` երեք օր առաջ նախագահն ու վարչապետը որոշել են «կանաչ ճանապարհ» տալ ավելի երիտասարդ կադրին` Շարմազանովին: Նրա տեղակալների հարցը կքննարկվի հընթացս: